Ո՞նց մարդկանց բացատրես, որ այդ հող հանձնելը էն անջատիչը չէ, որի կոճակը սեղմում ես, միանում-անջատում է, և հարցը չի վերաբերում նրան, որ որևէ մեկը հիմա ասում է՝ վարչապետ, դու հիմա հող ես հանձնում, դու փաստաթուղթ ես ստորագրում, հարցը լրիվ այլ տեղ է գտնվում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Մեղադրում են, որ վարչապետը նախապատրաստվում է հող հանձնել, բայց այդպիսի բան չկա: Ո՞նց մարդկանց բացատրես, որ այդ հող հանձնելը էն անջատիչը չէ, որի կոճակը սեղմում ես, միանում-անջատում է, և հարցը չի վերաբերում նրան, որ որևէ մեկը հիմա ասում է՝ վարչապետ, դու հիմա հող ես հանձնում, դու փաստաթուղթ ես ստորագրում, հարցը լրիվ այլ տեղ է գտնվում: Դու կարող ես բանակցային գործընթացը տանել այնպիսի ընթացքով, որ քեզնից հետո տասնամյակներ շահերի վերադարձը բանակցային սեղան տեղի չունենա, դու կարող ես ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հերիք չէ շահերի պաշտպանումը դառնա բավականին բարդ, ներսում էլ քո կոնսոլիդացիան ուղղակիորեն տապալվի և ամբողջը ծառայի քո շահերի դեմ: Հիմա սա նո՞ւյնն է, ինչ հող տալն այդ անջատիչով: Այսինքն՝ նույն մանիպուլյացիան թույլ չի տալիս հարցին այս կողմից նայել»,- ասաց նա:
Նա մի օրինակ բերեց, ըստ որի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունից գնացել է՝ ունենալով համաձայնություն փուլային տարբերակին. «Արդյո՞ք հետևից եկող իշխանությանը հեշտ էր գլխիվայր շուռ տալ բանակցային գործընթացը և լիովին այն դարձնել հայկական պետությունների շահերից բխող, իհարկե՝ ոչ: Տարիներ, տասնամյակներ տևած դիվանագիտական այդ ողջ աշխատանքը բերել է նրան, որ եկել հասել ես մի կետի, որտեղ միջազգային հանրության համար ընկալելի է եղել ինքնորոշման իրավունքի հարգման հարցը»:
Կարեն Բեքարյանը ասաց, որ սա մեր երազանքի կարգավորման փաթեթը չէ:
«Բայց, եթե հիշում ես, թե որ կետից ես սկսել ու ուր ես եկել, հասկանում ես դինամիկան, ուրեմն քո աշխատանքն արդյունքն է տվել: Հիմա մենք գտնվում ենք լրիվ հակառակ փուլում: Մենք հիմա ընթանում ենք՝ հերթով տապալելով ձեռք բերված արդյունքները: Օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ մեր իշխանությունները այսօր բանակցային գործընթացում ստեղծել են իրավիճակ, որ հետո տարիները կարող է չհերիքեն՝ հետ գալու այն կետին, որի վրա կանգնած ենք եղել մինչև այս իշխանությունների գալը»,- ասաց նա:
Բեքարյանի խոսքով` իշխանության եկած անձին իր թիմակիցների հետ երբեք չի հետաքրքրել բանակցային գործընթացը, կարգավորման գործընթացը:











