Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի կարծիքով՝ երկրում կարեւոր թեմաները վարչապետը դուրս է հանում հանրային դիսկուրսից եւ օրակարգից: Այս մասին նա այսօր` դեկտեմբերի 23-ին, ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում:

«Մենք սեփական հանրության մեջ մտցրել ենք այդ կեղտոտ ցեցը, որ մեր համար կենցաղից, այդ լավ ապրելուց բացի ոչինչ կարեւոր չէ, եւ ինչ դուրս է  դրանից, դա գլխացավանք է: Մի հատ այն ամենին նայեք, ինչը թոփ թեմա է դարձնում վարչապետը, եւ սրա մեջ փորձեք ազգային լուրջ խնդիր գտնեք: Եվ դրա օրինակը, երբ օրեր առաջ մենք ունեինք զինադադարի խախտման բավական լուրջ դեպք  ՀՀ պետական սահմանի վրա, տեսե՞լ եք արձագանք, տեսե՞լ եք՝ դրանով լայվ մտնեն, կամ էդ թեման կարեւորե՞ն, ոչ չեք տեսնելու, որովհետեւ էդ թեման գլխացավանք է, դա պետք է դուրս բերել հանրային դիսկուրսից եւ օրակարգից, ինչը եւ արվում է բավական հետեւողական»:

Նրա խոսքով` այս ամեն ինչի տակ պատահականությունների համախումբ չէ, ինչը շատ կարեւոր է պատկերացնել եւ հասկանալ:

«Այսինքն՝ եթե դու հասարակությունում «գլխացավանքի» սինդրոմ ես ստեղծում Արցախի հետ կապված, Արցախի հետ շփումներում բերում ես նրան, որ դավադիր պատերազմի վտանգ ես տեսնում, որից հետո ամբողջ հանրային  կարծիքը փորձում ես խեղաթյուրել, հասցնել նրան, որ ողջ ակնկալիքը նա է, որ Արցախում ամեն ինչին համաձայն լինեն  100 տոկոսով,  եւ դա կապում ես ընտրական գործընթացի հետ եւ բարձրաձայն հայտարարում ես, որ մենք միակարծիք ենք, օրակարգից դուրս ես բերում այդ բոլոր խնդիրները: Սա համարժե՞ք ռեակցիա է տարածաշրջանում եւ արցախյան հարցի շուրջ տիրող իրավիճակին, հավատացեք, որ ոչ»,- նշեց Բեքարյանը:

Նրա կարծիքով` իշխանությունները Արցախին որպես սուբյեկտ հետեւողական քայլերով վերացնում են. «Բերված է մի իրավիճակ, որ մեր արտաքին եւ անվտանգային դաշտը խարխլված է, եւ վտանգների ու մարտահրավերների առջեւ ահավոր դարձել է թափանցիկ եւ անպաշտպան»: