Հայաստանի իշխանությունները չունեն արժեհամակարգ եւ գաղափարախոսության կրող չեն: Այսպիսի իշխանությունը  բոլոր հնարավորներից ամենավտանգավորն է, քանի որ այն ոչ մի սահմանափակում եւ զսպվածություն չի զգում: Այս մասին դեկտեմբերի 24-ին տարվա արդյունքների ամփոփման համաժողովում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ կարելի է արձանագրել, որ իշխանությունները պատրաստ չեն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար ձեւավորել նոր որակյալ հասարակական-քաղաքական մշակույթ:

«Երկխոսության, հարգանքի ինստիտուտի բացակայությունը, պետության ավանդական արժեքների վրա գրոհները հարց են առաջացնում՝ իշխանություններին ինչպե՞ս ստիպել ընդունել սեփական պատասխանատվությունը: Եթե նրանք չկարողանան դա անել, ապա պետք է հեռանան»,- պարզաբանեց նա:

Մինասյանն ավելացրեց, որ 2019 թվականը կարելի է բնութագրել որպես նոր մարտահրավերների եւ սպառնալիքների ժամանակ, որոնք վերածվել են 7 խորացող ռիսկերի։ «Դրանց մեջ են ձախողումներն արտաքին քաղաքականությունում, հայկական բանակին հասցվող նպատակաուղղված հարվածները, ձախողումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում եւ պատերազմի սպառնալիքը, երեւույթներ, որոնք բնորոշ չեն օրենքի գերակայության համար։ Բացի այդ, գրանցվել է պետական ինստիտուտների եւ կառավարման համակարգի ձախողում, մարտահրավեր սոցիալ-տնտեսական կյանքին եւ, վերջապես, մթնոլորտ՝ ուղղված ազգային արժեքների դեմ։ Մեր պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ կան արժեքներ, որոնք երբեք կասկածի չեն ենթարկվել եւ նպաստել են միասնությանը, այն պետականության ձեւավորմանն ու ամրապնդմանը, որը կա։ Ծավալուն հարձակումներն այս հենասյուների վրա կարող են հանգեցնել պետականության կորստի»,- նշեց նա։

Մինասյանն ափսոսանք հայտնեց, որ հայրենասիրություն հասկացությունը ծաղրանքի առարկա է դարձել, եւ որ թշնամու գնդակից մահացած հայրենքի պաշտպաններն անիմաստ զոհեր են համարվում:

«Պատահական չեն նաեւ եկեղեցու սպասավորներին ծնկի բերելու վարչապետի մտադրությունները, ինչը եկեղեցու վրա հարձակում է համարվում եւ սպառնալիք է ներկայացնում ամբողջ ինստիտուտի համար: Պատահական չէ նաեւ դրան հաջորդած երկրորդ արտահայտությունը՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը եւ այլն: Այդ ամենն ուղղված է ավանդական արժեքների, այդ թվում ընտանիքի ոչնչացմանը»,- հայտարարեց նա: Մինասյանը նշեց, որ իշխանությունները փորձում են իրավիճակային օրակարգ եւ մոտեցումներ թելադրել՝ ամբողջությամբ շեղվելով համակարգվածությունից: «2018-2019 թվականներին մենք չտեսանք պետության ղեկավարի կողմից քաղաքական կուսակցությունների կամ քաղաքական գործիչների հրավերներ խնդիրները քննարկելու համար: Դրա փոխարեն ակտիվորեն փնտրում են «սեւազգեստ մարդկանց», ինչպես նաեւ դավադիրների մասին խոսակցություններ են պտտվում: Բացի այդ քաղաքական կուսակցությունների հարված հասցնելու միջոցներ են ձեռնարկվում»,- եզրափակեց նա: