ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի նման ձևով բերման ենթարկելն անհանգստացնող է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Շատ կասկածելի հանգամանքներով տեսա ձերբակալման կադրերը։ Սա անհանգստացնող փաստ է։ Մենք տեսնում ենք, որ գործ ունենք լուրջ իրավախախտման հետ մեր պատկան մարմինների կողմից։ Դուք պատկերացրեք՝ Երևանի պետական համալսարանը լուրջ կառույց է, և ՈՒԽ նախագահին հենց ԵՊՀ վարչական շենքից ձեռնաշղթաներով՝ իբրև վտանգավոր հանցագործ 6 հարկ իջեցնելով բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ մարդկանց մոտ ոչ միայն անձի, այլ ՈՒԽ-ի նկատմամբ վերաբերմունք է ձևավորում, և մենք տեսնում ենք, որ համացանցում շատ մարդիկ նաև փորձում են ասել՝ դե սա չի՞ ձեր ՈՒԽ-ն, էս չի ձեր համալսարանը, սա լրջագույն խնդիր է, այս հանգամանքը ևս պետք է մանրամասն պարզաբանման ենթարկվի մեր իրավապահ մարմինների կողմից։ Մեր իրավապահ մարմինները չեն կարողանո՞ւմ պարզել՝ մարդն ունի ալիբի, թե՞ չունի ալիբի, լավ ասենք, թե սկզբից ձերբակալեցին, հետո վկայի կարգավիճակով հարցաքննություն, հիմա սրա հետևանքն ինչ պիտի լինի։ Այն մարդիկ, որ որոշումը կայացրել են, և նաև անհասկանալի վարքագիծ է դրսևորել նաև ԵՊՀ ղեկավարությունը, և պետք է պարզաբանում տան, թե ինչպես են վարվում ինստիտուտների ղեկավարների հետ»,-նշեց նա։
Դիտարկմանը, որ ռեկտորի պաշտոնակատարը ոստիկանության բաժանմունքում էր, Մելիքյանը նշեց, ո միայն այն, որ թույլ է տվել նման ձևով բերման ենթարկել ՈՒԽ նախագահին, «ընդունելի չէ, որևէ բուհում չպետք է նման ձևով բերման ենթարկեն ուսանողին, առավել ևս ՈՒԽ նախագահին»։
Մելիքյանը չի բացառում նաև, որ այդ ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՈՒԽ-ն քննադատական կեցվածք է ընդունել իշխող ուժի նկատմամբ․ «Դժվար է պատկերացնել, որ նման վերաբերմունքի արժանանար իշխանությունների նկատմամբ լոյալ ՈՒԽ նախագահը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը քննվում է ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։Նա հարցաքննվել է, ապա ազատ արձակվել։











