Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին 2-3 տարիներին մենք մշտական վեճ ենք ունեցել իր հետ կոնկրետ մի հարցի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Երբ մի նոր նախագիծ էր արվում, ճանապարհ էր սարքվում, Գյումրիում հսկայական ծավալներ էին շահագործման հանձնվում շինարարական՝ բնակարանաշինություն, դպրոցաշինություն, օդանավակայան, «Լինսի» հիմնադրամի աշխատանքներ, ասում էի՝ պարոն նախագահ, թույլ տվեք սա գովազդենք, այսինքն անենք այնպես, ինչպես անում են ամբողջ աշխարհում: Մեծապես թույլ չի տվել դա անել:
Երբ հարցնում էիր, թե ինչու չի ուզում, նախ ասում էր՝ գովազդվել չեմ սիրում, երկրորդ, ասում էր՝ մարդիկ, վստահ եմ՝ տեսնում ու գնահատում են: Սա ի խորին վստահություն է եղել միշտ»,-ասաց Սողոմոնյանը:
Նա ընդգծեց, որ երբ սկսվեց Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, ինքը մտածել է, որ նա սխալվել է, մարդիկ այնքան էլ չեն հիշում, այնքան էլ չեն պատկերցնում, անշնորհակալության հարատեւ զգացողություն կար բոլորի մոտ. «Բայց հիմա, երբ իրավիճակը, մթնոլորտը փոխվում է, երբ տեսնում եմ ձեզ, տեսնում եմ մեր նոր բարեկամներին, ես հասկանում եմ, որ նախագահը ճիշտ էր, իրոք, մարդիկ տեսել, գնահատել են, նաեւ վստահ եմ՝ տեսնում եւ գնահատելու են»:
Վիկտոր Սողոմոնյանը նաեւ հավելեց. «Այո, գուցե մենք լավ հռետոր չենք, միտինգներ կազմակերպերլ չգիտենք, գուցե ասֆալտին պառկել չգիտենք, գուցե ավտոբուսին տակ ընկնել չգիտենք, այո, չգիտենք: Նախագահ Քոչարյանի աջակիցը միգուցե մի փոքր այլ կերպար ունի, քան պատկերացրել ենք: Դա մեծապես աշխատասեր, իր աշխատանքում նշանակալի հաջողությունների հասած, սկզբունքային մարդիկ են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ անուն առ անում»,-ասաց նա՝ դիմելով Քոչարյանի աջակիցներին:
«Օրերս կոտրվեց ամենամեծ առասպելը, որ տարբեր քաղաքական ուժեր, որոնցից ամենավառ ներկայացուցիչը այսօր ղեկավարում է Հայաստանը, սփռում էին մեր հասարակության մեջ այն մասին, որ նախագահ Քոչարյանը չունի հանրային աջակցություն»,-ասաց նա,՝ հավելելով, որ այս 60 հազար ստորագրությունը, արվեստի եւ մշակույթի գործիչների հայտարարությունը, որոնք աշխարհահռչակ մարդիկ են, այլ բանի մասին են վկայում:
Նա անդրադարձավ նաեւ «TV5»-ի սեփկանատեր Արմեն Թավադյանի ձերբակալությանը՝ նշելով. «Արմեն ջան, մենք վստահ ենք, որ դու չէիր կարող հակաօրինական բան անել, մենք վստահ ենք, որ դու լինելու ես ազատության մեջ: Հուսով եմ, որ շատ շուտով իրեն տեսնելու ենք ազատության մեջ»:
Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ իրենց սկսած պայքարը կիսատ չեն թողնելու. «Դա հղի է պետության կործանմամբ, դա հղի է թերաճ հասարակության գոյությամբ: Այնպես որ մենք շարժվելու ենք առաջ եւ անելու ենք բոլորից լավ»:











