Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում քննվում է Արմեն Թավադյանի փաստաբանի բողոքը՝ կապված նրա ձերբակալման հետ։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բողոք է ներկայացրել դատարան՝ կապված իր պաշտպանյալի ձերբակալման հետ։ Իրավաբանը պնդում է, որ Թավադյանի ձերբակալումն իրավաչափ չէ։

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Թավադյանը ձերբակալվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհ ներկայացող Վարուժան Մկրտչյանի գործով։ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 340 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Ոստիկանության տվյալներով՝ Վարուժան Մկրտչյանը իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներից մեկին եւ առաջարկել է հրաժարվել տուժածի կարգավիճակից, ցուցմունքներից եւ չներկայնալ դատական նիստին՝ հայտարարելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետությունը պետք է վճարի որպես դրամական փոխհատուցում։

Դատարանի շենքի առջեւ Արմեն Թավադյանի նկատմամաբ իրականացվող գործողությունների դեմ բողոքի ցույց է անցկացվում։