Երբ ոստիկանության գնահատականը լինի ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ կատարած գործողություններին, այն ժամանակ ես նույնպես գնահատական կտամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Կարծում եմ՝ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում գնահատելու համար ոստիկանության գործողությունները։ Երբ ոստիկանության գնահատականը լինի, այն ժամանակ ես նույնպես գնահատական կտամ։ Եթե այնտեղ եղել է լիազորությունների գերազանցում, համապատասխան գնահատականներ կտրվեն։ Ցանկացած մարմին իրավունք ունի քննարկելու իր աշխատակիցների պահվածքն ու գործողությունները այնպես, ինչպես ես՝ որպես ԿԳՄՍ ղեկավար կարող եմ գնահատական տալ իմ աշխատակիցների այս կամ այն գործողություններին»,-նշեց նա։

Արայիկ Հարությունյանն ասաց նաև, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը շարունակում է մնալ թափուր։

Հիշեցնենք, որ ոստիկանները երեկ ԵՊՀ շենքից ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել այդ բուհի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում է բերման ենթարկվել Ափոյանը: Նա հարցաքննվելուց հետո ազատ էր արձակվել։