Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Կեսօրից քիչ անց Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տանը հայտնաբերվել են ընտանիքի չորս անդամների դիերը: Ըստ Shamshyan.com-ի՝ ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը: Պարզվել է, որ ընտանիքի անդամները թունավորվել են շմոլ գազից։

«Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ»։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին երկրորդ նախագահի ուղերձը ներկայացրել է նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը։ «Դուք ու ձեզ նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունը՝ իրենց քաջության ու սկզբունքայնության շնորհիվ», գրել է նախկին նախագահը:

«Երբ երկրի նախագահը բացարձակ ապօրինի անազատության մեջ է, երբ հասարակության մի փոքր հատված ատելության ոչ մարդկային կրքերով է լցված, երբ ժամանակավոր, բայց վտանգավոր իշխանության գործը ոչ թե ներկայում է, այլ անցյալում, մենք պարտավոր ենք առաջ նայել»,  Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքում հայտարարել է երկրորդ նախագահի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:

Կեղծիքով մարդկանց մոլորեցնելը երկար շարունակվել չի կարող, համոզմունք է հայտնել Լեւոն Քոչարյանը։ Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչին միացած մշակութային գործիչների դեմ գրոհը վկայում է, որ այս իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնելու։ «Կարողանո՞ւմ է փողոցում ազատ շրջել, մարդկանց տրամադրություններում փոփոխություններ զգո՞ւմ է» լրագրողների հարցին Լեւոն Քոչարյանը պատասխանել է, որ մարդկանց վերաբերմունքը հուսադրող է։

Այս պահին կուսակցություն ստեղծելու նախագիծ չկա, բայց չի բացառվում, որ առաջիկայում կարող է լինել, լրագրողներին ասել է  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «5-րդ ալիք» հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունն, ըստ Սողոմոնյանի,  պատճառահետեւանքային կապ ունի մշակույթի գործիչերի հայտարարության հետ։ Իշխանության կոշտ արձագանքը պայմանավորված էր նույն այդ իշխանության տարածած  կեղծ առասպելով, թե հասարակությունը ցանկանում է, որ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանը պատժվի, ասել է նա։

Երկրորդ նախագահի աջակից Նարեկ Մութաֆյանին վերաքննիչ քրեական դատարանը որոշել է ազատ արձակել։ Հիշեցնենք, որ նա եւ Սարգիս Օհանջանյանը կալանավորվել էին դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց եւ  տեսանկարահանելուց հետո: Քոչարյանի աջակիցների հավաքին բանախոսները հիշեցրել են, որ «հերթական ջուր գործով» կալանավորվել է Արմեն Թավադյանը։

«Վերջին օրերի իրադարձությունները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վրա հարձակումը, Հովտաշենում «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի եւ օպերատորի վրա հարձակումը, «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը վկայում են, որ ազատ մամուլը վտանգված է, ինչը պայմանավորված է այլակարծության նկատմամբ ատելության սերմանման եւ յուրաքանչյուր տարբերվող կարծիքը ընդհուպ մինչեւ քրեական հետապնդմամբ լռեցնելու հետեւողական քաղաքականությամբ», հայտարարել է «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝  անհանգստացնող է նաեւ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին վտանգավոր հանցագործին ձերբակալելու եղանակով ԵՊՀ շենքից բերման ենթարկելու դեպքը։

Նախկին իշխանությունները Արթուր Վանեցյանի հանդեպ քրեական գործ հարուցելու նպատակ են ունեցել, «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում  ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Ես պարոն Վանեցյանին ճանաչում եմ շատ վաղուց, և նա հեղափոխության ընթացքի մի մասից սկսած մեկուսացվել է նախկին իշխանությունների կողմից։ Նրան կասկածել են հեղափոխական թիմի հետ կապերի մեջ, մեկուսացրել են, և որքանով գիտեմ՝ քրեական գործ հարուցելու նպատակ է եղել իր հետ կապված», մանրամասնել է Սիմոնյանը:

Երեւանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը շնորհավորեց Ավետ Պողոսյանին՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա հիշեցրել նրա  հարցազրույցներից մեկը, որում Պողոսյանն անդրադարձել էր «Լույս» խմբակցության անդամների ելույթներին՝ նշելով, թե դրանք պատիվ չեն բերում «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որ որոշ կուսակցություններ սովոր չեն ազատությանը, սովոր են, երբ իրենց օգտագործում եւ ուղղորդում են:

Հիմա էլ դուք եք մոնոպոլիա սահմանում, ընդ որում՝ դա ավելի լավ մոնոպոլիա չէ, քան մասնավորինը, ասել է Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով փաստին, որ աղբահանության ոլորտում մոնոպոլիայի հարցը լուծվել է աղբահանության համայնքային հիմնարկ ստեղծելով:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապատեղեկատվություն բնորոշեց Դավիթ Խաժակյանի հայտարարությունը, թե ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման 10 մեքենա է նվիրել քաղաքապետարանին։

«Ես պետռեգիստրի աշխատող չեմ, ես քաղաքապետ եմ», արձագանքել է Մարությանն այն դիտարկմանը, որ «Ջերմուկ գրուպը» Արսենյանի հետ է փոխկապակցվում։

«Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը` կարճվել: Այս մասին «Հետք» պարբերականի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից: Գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով եւ  կազմել 479.35 դրամ: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0.99 դրամով ու հասել 531.65 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.25 դրամով ու կազմել  619.70 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել  7.77 դրամ։

Դեկտեմբերի 26-ին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը ամպամածությամբ պայմանավորված կբարձրանա: Երեւանում հնարավոր է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +9+11: