Մահացած զինվոր Արթուր Իշխանի Աջամյանի հարազատները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրանք չեն գնա այնքան ժամանակ մինչեւ չխոսեն զինվորի մահվան պատճառների մասին։ Նշենք, որ պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել Արթուր Աջամյանը։

«Թող միայն վարչապետն իջնի այստեղ, տա մեզ լրացուցիչ տեղեկություն ու կգնանք։ Իսկ եթե չիջնի,վաղն էլ այսպես կանենք ու մյուս օրն էլ։ Մենք կփակենք բոլոր հիվանդանոցների մուտքերը, կգնամ, դիակը կհանեմ, կբերեմ ստեղ։ 26-րդ օրն է, սակայն ոչ մի տեղեկություն չունենք»,- ասաց մահացած զինվորի պապը։

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նշենք, որ դեկտեմբերի 4-ին, մահացած զինվորի հարազատները գնացել էին նաեւ ԱԺ-ի բակ, որտեղ իրենց ընդունել էր Անդրանիկ Քոչարյանը, եւ խոսք տվել՝ արագ եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու մասին։

«Ո՞ւր է Անդրանիկ Քոչարյանը։ Եկավ լրատվամիջոցների դեմն ասաց՝ հարգելի հարազատներ, կիսում ենք ձեր վիշտը։ Դե մենք էլ մարդ ենք, ընդունեց, մեզ տարավ ներս, ձեռքս բռնեց ասաց՝ քեզ տղավարի խոսք եմ տալիս, ինքս կզբաղվեմ այդ հարցով։ Հիմա մեր զանգերին անգամ չի բարեհաճում պատասխանել։ Պաշտոնդ մի տեղ, բա տղությունդ ո՞ւր մնաց։ Ղարաբաղից մի հատ շիպիզնյակ էր եկել, իմ դեմն ուրիշ բան էր ասում, Անդրանիկ Քոչարյանի դիմաց՝ լրիվ ուրիշ։ Ինձ ասում է՝ ինքնասպանություն է եղել։Պաշտպանության տեղակալն էր երեւի, չգիտեմ։ Ասում եմ՝ դե ես քո հետ գալիս եմ Ղարաբաղ, ինձ ցրում է, սրտաճմլիկ բառեր է օգտագործում»,- ասաց մահացածի զինվորի հորեղբայրը։

Նրանք կրկին փորձեցին ճեղքել ոստիկանական պատը, սակայն ապարդյուն։ Ոստիկանները նրանց տեղեկացրին, որ Կառավարության նիստի ավարտից հետո կլինի հանդիպում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: