Կա ընկալում, որ կանանց իրավունքների արձանագրումը եւ պաշտպանությունը կարող է խարխլել ընտանիքը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, իրականում սրա մեջ զուտ տեխնիկական առումով ճշմարտության չափաբաժին կա. «Որովհետեւ եթե ընդհանուր տրամաբանությունն ու ավանդույթն այն է, որ եթե կինը պետք է ընտանիքում բռնության ենթարկվի, կներեք կոպիտ օրինակի համար, ամուսինը պետք է պարբերաբար ծեծի կնոջը, եւ ընդհանուր կոնտեքստը այն է, որ կինը պետք է հանդուրժի, այդ հանրային ճնշման տակ կինը պետք է դա հանդուրժի: Գոնե ֆորմալ առումով, դրսից որ նայում ես, ընտանիքի շարունակականությունը կա: Երբ կինն ինքնավստահ է, զգում է հանրության աջակցությունը, ինքը X պահի կարող է ասել՝ հերիք է, զզվեցի, թողնում եմ գնամ: Այդ դեպքում՝ ասում ենք, որ ֆորմալ առումով ընտանիքը քանդվեց»,-ասաց Փաշինյանը:
Նա նաեւ մեկ այլ խնդրի անդրադարձավ. «Ես ուրիշ հարց եմ ուզում տալ. Իսկ ո՞վ է ասել, որ ընտանիքի պահպանման համար ջանք պետք է գործադրի միայն կինը, իսկ տղամարդը ոչ մի ջանք չպետք է գործադրի: Բայց ընտանիքը երկու հոգուց է բաղկացած, չէ՞: Պատկերացրեք, որ ընտանիքի անդամների մի մասն ունի բացառապես պարտականություններ, մյուս մասը ունի իրավունքներ: Տենց լինո՞ւմ է: Ոչ: Այդպիսի ընտանիքը դե յուրե ընտանիք է, բայց դե ֆակտո ընտանիք չէ: Մենք ասում ենք՝ այո, ընտանիքը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց այն ընտանիքը, որտեղ ընտանիքի պահպանման համար հավասարապես ջանք չեն գործադրում ընտանիքի բոլոր անդամները, այդ ընտանիքը չի գոյատեւում:
Եթե ընտանիքը թանկ է, տղամարդը, ամոուսինը նույնքան ջանք պետք է գործադրի այդ ընտանիքի պահպանման համար: Սա է, որ մեր ազգային ավանդույթներին 100 տոկոսով համապատասխանում է: Երբ մենք ոտքի վրա խմում ենք մեր կանանց ու մայրերի կենացը սեղանների շուրջ, ուրեմն պետք է ապրենք այդ ավանդույթի շրջանակներում, պետք է հարգանք ցուցաբերենք:
Բոլոր նրանք, որ փորձում են ցույց տալ, որ հայ ժողովուրդն այլկերպ է մտածում, իրենք վաղուց կորցրել են կապը հայ ժողովրդի եւ ՀՀ քաղաքացիների հետ: Դա առաջիկայում նրանք կտեսնեն ավելի հաճախ եւ կոնկրետ օրինակներով»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը:











