Սահմանադրական դատարանն առ այսօր բնականոն ձեւով աշխատել է, որեւէ խնդիր չի ունեցել որեւէ նիստի քվորումի հետ կապված, իրավազորության հետ կապված, որոշման կայացման հետ կապված։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանը։
Արեւիկ Պետրոսյանը համոզմունք հայտնեց՝ ՍԴ-ում ճգնաժամ չկա․ «ՍԴ-ում ճգնաժամ կարող էր լինել, եթե մենք չկարողանայինք նիստեր անցկացնել, եթե չկարողանայինք որոշումներ կայացնել, եթե մեր անգործության հետեւանքով պետական իշխանության այլ մարմինների համար ստեղծեինք խնդիրներ իրենց լիազորությունները բնականոն ձեւով իրականացնելու առումով։ ՍԴ-ն առ այսօր բնականոն ձեւով աշխատել է, որեւէ խնդիր չունենալով որեւէ նիստի քվորումի հետ կապված, իրավազորության հետ կապված, որոշման կայացման հետ կապված։ Մեր որոշումները կայացրել ենք բարձր պետականության զգացողությամբ, պետական ինստիտուտների նկատմամբ փոխադարձ հարգանքի մթնոլորտում իրականացրել ենք մեր սահմանադրական առաքելությունը»։
Հարցին՝ Վահե Գրիգորյանին տեսել է, այժմ նա ՍԴ շենքում է, նա պատասխանեց․
«Պարոն Գրիգորյանին ես ընդամենը տեսնում եմ ՍԴ-ի միջանցքում, այս կամ այն սենյակներ գնալու ժամանակ, աշխատանքային նիստերին նա չի մասնակցում, աշխատակարգային նիստերին չի մասնակցում, ես տեղյակ չեմ՝ նա ՍԴ շենքում է, թե ոչ այս պահին։ Մենք ունեցել ենք պատրաստակամություն լսելու իրեն, իր դիտարկումները։ Ազգային ժողովի ամբիոնից նա հայտարարեց, որ պատրաստվում է ՍԴ դատավորների հետ իր դիտարկումներն ու նկատառումները կիսել, սակայն օրինակ իմ հետ նա հանդիպման նախաձեռնություն չի ունեցել, չի կիսել, ինչու չգիտեմ, կարող եք հարցնել իրեն»։
Արեւիկ Պետրոսյանը շեշտեց՝ Վահե Գրիգորյանը երդում է տվել ր պետք է կատարի իր լիազորությունները․ «Ինքը ՍԴ դատավորի երդում է տվել՝ լինել անաչառ եւ ապահովել Սահմանադրության գերակայության իր առաքելությունը, նա պետք է Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով իր լիազորություններն իրականացներ իր տված երդման եւ իր ստանձնած պաշտոնի շրջանակներում։ Եթե նա գտնում էր, որ ՍԴ-ում այնպիսի ճգնաժամային իրավիճակ է, որն անհաղթահարելի է, պետք է բարի լիներ, պայքարեր դրա դեմ, եթե կարող էր՝ հաղթահարեր, ունենար իր պատկերացրած իրավական մթնոլորտը, նոր ձգտեր ընտրվել ՍԴ դատավոր»։











