Ինչո՞ւ բժիշկը չի գալիս Կոթիում աշխատի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզի Կոթի համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց Կոթիի բնակիչներից մեկը։
Վարչապետն էլ պատասխանեց, որ դա մասնագիտական կարողության զարգացման խնդիր է։
Վարչապետը հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում են Նոյեմբերյանի եւ Իջեւանի հիվանդանոցները, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ պատասխանեց՝ լավ վիճակում են։
«Հիմա եթե մենք բժշկին ասում ենք՝ արի Կոթիում աշխատի։ Իր մասնագիտական կարողությունը սահմանափակում ենք։ Բժիշկը պետք է պրակտիկա ունենա, պացիենտներ ունենա, որ աճի։ Էդ մարդու կարիերայի վրա քար են գցելու։ Ո՞նց ենք մարդուն ստիպում, որ գա ստեղ աշխատի»,- ասաց Փաշինյանը։
Համայնքի բնակիչն էլ հակադարձեց, թե եթե տեղացի կադր լինի, կգա։
«Պահ, ինչի ձեր տեղացիք… Հանրապետության ամենահայտնի բժիշկներից մեկը կոթեցի է, դե բերեք, թող ստեղ աշխատի»,- ասաց վարչապետը։
Բնակիչն էլ արձագանքեց, թե «գալիսա՞ որ բերենք»։











