Ավտոներկրողները բողոքում են,որ բրոքերներ չկան, որոնց միջոցով կարող են ավտոմեքենաները մաքսազերծելու համար անհրաժեշտ փաստաթղթերը լրացնել, մինչդեռ մաքսատան ղեկավարությունը չի ուզում ընդունել այդ խնդրի առկայության փաստը։
«Ոչ մի բրոքեր չկա, բոլորը հրաժարվում են ձեւակերպելուց։ Մաքսատան ղեկավարությունն էլ գլուխը կոխում է ավազի մեջ, ոչ մի բան չի անում։ Հիմա այստեղ լիքը մարդիկ կան նույն խնդրով։ Բրոքերները գերծանրաբեռնված են, հարցը փողի մեջ չի։ Իմ նման շատ քաղաքացիներ կան, որ ժամանակին ներկայացել են։ Ես պետության բոլոր պահանջները կատարել եմ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու ավտոմաքսատանը հերթ կանգնած ավտոներկրողներից մեկը։
Ավտոներկրողի կարծիքով՝ պատկան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն, երկարաձգեն 2019թ. դրույքաչափով ավտոմեքենաները մաքսազերծելու ժամկետը. «Ժողովրդին պետք է ընդառաջ գնալ, եւ իշխանություններն էլ ինչ-որ հայտարարությամբ պետք է հանդես գան, գոնե 1-2 ամիս երկարաձգեն։ Ես նույնիսկ քիչ առաջ Հյուսիսային մաքսատան պետի անունով դիմում մուտքագրեցի որպես ապացույց՝ տեսնեն՝ ես էսինչ ժամին ներկայացել եմ»։
Ավտոներկրողների ամենամեծ մտավախությունն այն է, որ չեն հասցնի մինչեւ 2020թ., որին ընդամենը մեկ օր է մնացել, մաքսազերծել իրենց մեքենաները։ Մաքսատան մոտ մեքենաների հերթը այսօր կեսօրի տվյալով հասնում է մի քանի կիլոմետրի, սպասող ների թիվը՝ մինչեւ 400–ի։ Հյուսիսային ավտոմաքսատան պետը ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ վարորդների մոտ թյուր կարծիք կա, թե եթե մինչեւ 2020թ. իրենց ավտոմեքենաները տեղակայեն մաքսային գոտում, դրանք հաջորդ տարի էլ այս տարվա դրույքաչափով կմաքսազերծվեն։
Հիշեցնենք, այս տարվա հունվարի 1-ից վերանում է ԵՏՄ անդամակցության ժամանակ Հայաստանին տրված արտոնությունը եւ մի քանի անգամ բարձրանում է մի շարք ապրանքների մաքսազերծման արժեքը։ Ըստ նոր կարգի՝ այն մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է երեք տարուց ոչ ավելի, հաշվարկվելու է մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ, որոնք միասին կազմելու են մաքսազերծման գումարը:
Երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող մեքենաների մաքսազերծման դեպքում հաշվի է առնվելու նաև շարժիչի աշխատանքային ծավալը։ Ի դեպ, յուրաքանչյուրի դեպքում սահմանված է յուրահատուկ դրույքաչափ։ Մաքսազերծման գումարում ներառվելու են նաև ԱԱՀ և բնապահպանական հարկ:
Եթե իրավաբանական անձինք ներկրված ավտոմեքենայի համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցեն ապրանքային, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, ապա մաքսազերծումը կկատարվի 2019թ. գործող դրույքաչափերով: Բացի այդ, եթե մինչև տարեվերջ իրավաբանական անձինք ներկայացնեն նախնական մաքսային հայտարարագիր, և հաջորդող 30 օրվա ընթացքում մեքենան տեղակայվի մաքսային հսկողության գոտում, մաքսազերծումը կկատարվի 2019թ. դրույքաչափերով:











