2019 թվականը դրական էր եւ դրական էր նրանով, որ պատերազմ չկար, լայնամասշտաբ գործողություններ չեղան։ Այս մասին այսօրէ՝ դեկտեմբերի 31-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը։
«Եղան որոշակի մանր-մունր խախտումներ , ինչը մեր ունեցած իրավիճակում հասականալի եւ ընկալելի է։ Բարեբախտաբար, բնական աղետներ էլ չկային, բերքառատ տարի էր, հույսով լի էր տարին»,-ասաց նա։
Արամ Սարգսյանի խոսքով, պատերազմ չլինելու վրա ազդող գործոնները բազմաթիվ են. «Ցավոք, պատերազմի լինել-չլինելը միայն մեզնից ու Ադրբեջանից չի կախված։ Աշխարհաքաղաքական շատ լուրջ գործոններ կան, որոնցից խակված այս փուլում պատերազմը որեւէ մեկին ձեռնտու չի՝ հաշվի առնելով Սիրիայում գործընթացները, Իրանի հետ կապված զարգացումները, Մերձավոր Արեւելքի խնդիրները եւ այլն։ Այս առումով մեր տարածաշրջանին խնդիրը չհասավ, որեւէ մեկին ձեռնտու չէր, որ այստեղ պատերազմ լիներ»։
Արամ Սարգսյանը Արցախի հարցում որոշակի առաջընթաց տեսնում է. «Գործընթացն արդեն բանակցային է. թե հայկական կողմը, թե ադրբեջանական կողմը որոշակի տարբերակներ առաջարկում են, թե ինչի շուրջ բանակցել, ինչն արդեն դրական է։ Այսինքն խնդիրը մոտ է բանակցություններին»։











