Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որոնք ուրախանում են բանտարկություններով, կամ որեւէ մեկի պատիժ ստանալուց հաճույք են ստանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 31-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքին։

«Դատական իշխանության հետ կապված խնդիրներ կան. թե մեղադրողները, թե մեղադրվողները, թե իշխանությունը, թե հանրությունը տարբեր կերպ են մեկնաբանում, բայց հիմքում մի բան է՝ դատական իշխանությունը լուրջ բարեփոխման կարիք ունի»,-ասաց նա։

Նա խոսեց նաեւ «Եռաբլուր» իր այցելությունից. «1995 թվականից մինչեւ 1999 թվականը գրեթե ամեն նոր տարի այս ժամերին ես «Եռաբլուրում» եմ եղել։ 1999 թվականից առ էսօր ամեն նոր տարի էստեղ եմ եղել։ Ես պարտքի զգացողություն ունեմ, նաեւ պատասխան տալու խնդիր ունեմ էստեղ Եռաբլուրում թաղված մարդկանց հիշատակի առջեւ, սահմանին կանգնած մեր տղաների առջեւ եւ ապագայում բանակ գնալու եւ սահմանին ծառայելու գնացող երիտասարդության առջեւ։ Մենք այդ խնդիրները պետք է լուծենք, «Եռաբլուրը» չպետք է ավելանա։ Մենք հերոսներ պետք է ունենանք աշխատանքում, ստեղծագործ գիտության մեջ, մշակույթումոչ թե մեր երիտասարդներն իրենց կյանքը դնեն հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։ Այստեղ բոլորս անելիք ունենք՝ սկսած գյուղում աշխատող բնակչից վերջացրած գիտնականը, արտադրողը, պետական քաղաքական գործիչը, ընդդիմադիրը, իշխանականը, բոլորս»,-ասաց Արամ Սարգսյանը։