Սա քաղաքական պրոցես է, որ աներկբա է, որ պետք է տեղի ունենա. այսինքն եթե գործադիր եւ օրենսդիր իշխանությունները փոխվել են, դատական իշխանությունը հնի տրամաբանությամբ չի կարող մնալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 31-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող օրենքին։
«Նույն Հրայր Թովմասյանը հին տրամաբանության դատական իշխանության կողմնակիցն է եւ նաեւ ՍԴ այս դատավորները այդ տրամաբանության մեջ են։ Երբ ասում են, որ այդ դատավորները հերոսներ են, որ պայքարում են դատական համակարգի անկախության համար, գոնե ինձ համար դա այնքան էլ հասկանալի, ընկալելի չի, որովհետեւ այդ նույն դատավորներն էին, որ 2003 թվականին որեւէ ձայն չհանեցին։ 2004 թվականի ապրիլի 12-ին ՍԴ-ի դիմաց,երբ արդեն հետ էինք քաշվում, ամբողջությամբ արյուն էր։ Առավոտյան նույնպես արյուն էր ու այդ «հերոս» դատավորները ոչինչ չասացին։ Նույնն էր նաեւ 2008-ին, 2013-ին։ Հիմա պետք է ընտրություն կատարենք հնի ու նորի միջեւ, եղածի ու փոփոխության համար։ Ես փոփոխության կողմնակիցն եմ եւ գտնում եմ, որ հինը պետք է փոխվի»,-հայտարարեց Արամ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է փոփոխության հասնելու տարբերակներին, նա նշեց, որ այն, ինչ առաջարկում է իշխանությունը, որոշակի հաշտության եզրեր գտնելու մեթոդ է։ «Նախկինում ո՞նց էին անում. կանչում էին, վախեցնում էին, ընտանիքի անդամներին էին վախեցնում, ստիպում էին, դալաններում ծեծում էին, այդպես էին հարցերը լուծում։ Նախկինում եթե ՍԴ նախագահին ասեին՝ դու չպետք է աշխատես, ինքն անմիջապես դիմում կգրեր, չէր էլ փորձի ընդդիմանալ։ Իսկ այսօր ՍԴ-ն փորձում է ընդդիմանալ, ընդհակառակը՝ ուժ է ցույց տալիս, ընդդիմանում է։ Այս առումով, այս գործընթացները նույնպես ժողովրդավարական բնույթ են կրում, բայց ես հակված եմ, որ պետք է փոխվի այդ ամենը»,-ընդգծեց նա։











