2020-ի գալը ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով երեքշաբթի նշանավորվել է Նյու Յորքի գլխավոր հրապարակ Թայմս սքվերի մոտ երկնաքերներից մեկի կտուրին բյուրեղապակե գնդի ավանդական իջեցմամբ։

Կազմակերպիչների գնահատականով, ավելի քան 100 տարի անցկացվող գունեղ ծիսակատարությունը հավաքել է մեգապոլիսի մոտ 1 մլն բնակիչների եւ զբասաշրջիկների։ Հեռուստացույցով կամ համացանցում դրան հետեւել է մոտ 1 մլրդ մարդ՝ տարբեր երկրներից։

Ամանորյա համերգը հրապարակում տեւել է ավելի քան վեց ժամ։ Ելույթ են ունեցել, մասնավորապես, կանադացի դերասանուհի եւ երգչուհի Ալանիս Մորսեթը, X Ambassadors եւ Village People նյույորքյան խմբերը, ամերիկյան քանթրի երգչուհի Լորեն Էլեյնան։ 

Ծիսակատարության գլխավոր պահը կեսգիշերից մեկ րոպե առաջ սկսված մինչեւ Նոր տարի մնացած րոպեների հետհաշվարկն է։ Այն ղեկավարելու պատիվը տրվել էր նյույորքցի ուսուցիչների եւ աշակերտների խմբին։ Նրանք հանդիսանում են մոլորակի վրա կլիմայի փոփոխության կանխման շարժման ակտիվիստներ։ Նրանք Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլիզիոյի հետ միասին սեղմել են կոճակը, որի արդյուքում սկսել է շարժվել ԱՄՆ-ում ամանորյա գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող բյուրեղապակյա գունդը։ Կեսգիշերից մեկ րոպե առաջ այն սկսել է դանդաղ շարժվել դեպի ներքեւ ու իր ստորին կետին հասել, երբ տեղական ժամանակով սկսվել է 2020 թվականը։

Բարի կամքի նվեր

3,6 մ տրամագծով եւ 5,3 տոննա կշռող գունդը, որի վրա է հիմնական ուշադրությունը, ավանդաբար կազմված է մոտ 2,7 հազար բյուրեղապակյա եռանկյունիներից։ Դրանք պատրաստում է իռլանդական Waterford Crystal ընկերության վարպետը։ Նոր տարվա այդ խորհրդանիշը ԱՄՆ-ում ամեն անգամ նորից են ստեղծում՝ փոխելով բյուրեղապակյա սկավառակների դասավորությունը։

Այս անգամ դասավորությունը կատարվել է «Բարի կամքի նվեր» անվանումով նախշի ձեւով։ Այն պետք է հիշեցնի արքայախնձորների մասին։ Դրանք, ինչպես ենթադրում են զարդի ստեղծողները, խորհրդանշում են հյուրընկալություն եւ բարի կամք։

Անցյալ տարիներին կոճակը սեղմելու արտոնությունը տրվել է, մասնավորապես, ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, ԱՄՆ գերագույն դատարանի անդամ Սոնա Սոտոմայորին, նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, փոփ-աստղ Լեդի Գագային, հանրահայտ բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիին։

Նյույորքյան Մանհեթենում տոնն առաջին անգամ անցկացվել է 1904թ․ եւ նվիրված է եղել The New York Times-ի գրասենյակի բացմանը։ Թերթի պատվին երկնաքերներից մեկը եւ հրապարակը անվանափոխվել են։ Առաջին տոնակատարության ժամանակ տեղի է ունեցել հրավառություն, սակայն 1907թ․ հրավառությունները քաղաքում արգելվել են, եւ թերթը սկսել է Նոր տարին դիմավորել բարձրահարկ շենքից գունդը բաց թողնելով։