Մենք սա համարում ենք «խրամատ», փոխաբերական իմաստով, ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանության համար, եւ ինչպես սահմանում կանգնած զինվորն է պահում սահմանը, կապ չունի, թե հունվարի 1 է, թե հունվարի 5, այդպես էլ մենք ենք որոշել պահել այս սահմանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 1–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով ԱԺ–ի դիմաց ամիսներ առաջ սկսած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին։
Նրա խոսքով՝ այսօր լրացավ ստորագրահավաքի 168–րդ օրը։
«Քանի որ մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ մեր ստորագրահավաքն անժամկետ է եւ չենք դադարեցնելու այնքան ժամանակ, մինչեւ Ստամբուլյան կոնվենցիան չուղարկենք հետ իր ծննդավայր՝ Ստամբուլ, մենք շարունակելու ենք ստորագրահավաքը։ Ելնելով այդ սկզբունքից՝ չնայած նրան, որ հունվարի 1 է, որոշեցինք այստեղ լինել»,– ասաց Չախալյանը։
Նրա խոսքով՝ «Կամք» նախաձեռնության անդամներից շատերը ստորագրահավաքի ժամանակ է անդամագրվել. «Այստեղ կանգնածների մեծ մասն այս պայքարի ընթացքում են միացել մեզ»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Ստամբուլյան կոնվենցիան: «Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնության անդամները վտանգներ են տեսնում եւ պնդում են, որ կոնվենցիան չպետք է վավերացվի։ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել է 34-ը: Ստորագրել, սակայն չեն վավերացրել 11-ը, այդ թվում՝ Հայաստանը: Չեն ստորագրել Ռուսաստանը եւ Ադրբեջանը:











