Այն հայցադրումները, որոնք մենք ներկայացնում ենք՝ բացառապես իրավական են եւ փնտրել այդտեղ քաղաքական ենթատեքստեր, ճիշտ չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում, 2019 թվականի դատական ակտերի վերաբերյալ տարին ամփոփելիս ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը։

Փաստաբանը, խոսելով 2019 թվականի դատական ակտերից, նշեց՝ գոհ է դրանցից և, մասնավորապես, առանձնացրեց 1in.am կայքի լրագրող Սիրուշ (Սոնա) Հարությունյանի դեմ ներկայացված՝  «Նյուզ ԷյԷմ» ՍՊԸ-ի կողմից հայցի մասնակի բավարարումը։

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական կայքը դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին՝ հերքել գործարար համբավը արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ հատուցել գործարար համբավին պատճառված վնասը։ Դատարանը ՍՊԸ-ի հայցադիմումը մասնակի բավարարել էր։

«Մեր կողմից ներկայացված հայցը մեծ արձագանք ստացավ։ Որոշ իրավաբաններ եւ լրագրողներ կարծիք էին հայտնում առ այն, թե նմանատիպ հայցադիմումն իրավաչափ չէ, որովհետեւ խոսքը վերաբերում է ֆեյսբուքյան էջում կատարված գրառմանը, եւ նման պայմաններում իրավաչափ չէ այդպիսի պահանջ ներկայացնելը։ Սակայն դատարանը մեր հայցը մասնակի բավարարեց։ Ես ուրախ եմ, որ դատական համակարգը նույնպես այդ դիրքորոշումն արտահայտեց»,- ասաց փաստաբանը։

Արամազդ Կիվիրյանն ընդգծեց՝ իր համար կարեւոր էր այդ հայցադիմումն իրավական տեսանկյունից. «Դատական պրոցեսների ընթացքում պատասխանող կողմը ամեն անգամ հայտարարում էր, որ ինքը հանդես չի եկել որպես լրագրող։ Մեր համոզմամբ՝ դա որեւիցե իրավական դաշտում չի տեղավորվում, որովհետեւ ստացվում է, որ միայն լրագրողը պետք է պատասխանատվության ենթարկվի զրպարտության կամ վիրավորանքի համար։ Այնինչ, դա այդպես չէ, օրենսդրությունը պաշտպանում է ցանկացած անձի, ում նկատմամբ տեղի է ունեցել վիրավորանք, կամ հայտնել են զրպարտչական բնույթի տեղեկություններ՝ անկախ նրանից այդ անձը լրագրող է, թե ոչ»

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրուշ Հարությունյանը առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ բողոք էր ներկայացրել ՀՀ Վերաքննիչ դատարան, որը մերժվել էր։

Արամազդ Կիվիրյանն ասաց, որ դատական ակտը մտել է ուժի մեջ, սակայն պատասխանող կողմը չի ցանկանում կատարել դատարանը կայացրած որոշումը.

«Մենք դիմում ենք ներկայացրել հարկադիր կատարման ծառայությանը, որովհետեւ պատասխանող կողմը հոժարակամ չի ցանկանում իրականացնել դատարանի որոշումը, եւ ստիպված ենք հարկադիր կատարման ծառայության միջոցով դա իրականացնել»։

Կիվիրյանը նշեց, որ «Նյուզ էյ էմ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել նաեւ «Դարեսկզիբ» ՍՊԸ-ի եւ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դեմ, որոնք, ըստ փաստաբանի, հրապարակայնորեն թույլ են տվել իրենց ոչ իրավաչափ, զրպարտչական բնույթի, հեգնական տոներով եւ իրականության հետ որեւէ աղերս չունեցող որոշակի արտահայտություններ.

««Դարեսկզիբ» ՍՊԸ-ն հրապարակել է մի հոդված, որտեղ նշում է կատարել, թե սոցիալական ցանցերում տեղեկություններ է տարածվել, որ NEWS.am-ը գնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հետաքրքրականն այն է, որ դատական պրոցեսի ընթացքում իրենք ներկայացրել են մի անձի հայտարարություն, որը պարզվեց՝ ֆեյք է, եւ այդ ֆեյք օգտատերը, որպես Ռոբերտ Քոչարյանի կողմից իբր ձեռք բերված լրատվամիջոցներ մատնանշել է նաեւ «Դարեսկզիբ» ՍՊԸ-ին։ Սակայն Armtimes.com-ը որոշել է, որ այդ հատվածը պետք է անտեսի եւ ներկայացնի բացառապես NEWS.am-ի մասով»։

Արամազդ Կիվիրյանն ասաց, որ այն հայցադիմումները, որոնք ներկայացվում են, բացառապես իրավական դաշտում են. «Հաճախ փորձ են անում այս գործընթացը տանել դեպի քաղաքական դաշտ։ Այն հայցադիմումները, որոնք մենք ներկայացնում ենք՝ բացառապես իրավական են եւ փնտրել այդտեղ քաղաքական ենթատեքստեր՝ ճիշտ չէ։ Դրանք բացառապես իրավական գնահատման պետք է արժանանան։ Այստեղ որեւիցե այլ ենթատեքստեր փնտրել պետք չէ»։

Կիվիրյանը հույս հայտնեց, որ անձինք այսուհետեւ ավելի հավասարակշռված կներկայացնեն իրենց խոսքը. «Եթե գիտեն, որ իրենց արատահայտությունները, որոնք թույլ են տալու, իրականության հետ որեւէ աղերս չունեն, ավելի զգույշ լինեն եւ նմանատիպ հայտարարություններ չանեն»։