Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր՝ հունվարի 6-ին,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցել է Սուրբծննդյան պատարագին:  

Նշենք, որ վերջին շրջանում իշխանության եւ Հրայր Թովմասյանի միջեւ հարաբերությունները լարված են, վերջինս պնդում է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Հիշեցնենք, դեկտեմբերի 27-ին ՍԴ նախագահին մեղադրանք էր առաջադրվել: Նույն օրը քննիչները ՍԴ-ում հարցաքննել էին Հրայր Թովմասյանին, նա հայտնել է, որ հրաժարվել էր ցուցմունք տալ:

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։

ՍԴ նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ հրաժարվել է ցուցմունք տալ։

Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մեղադրանք առաջադրելն իր համար անակնկալ չէր, քանի որ վեց ամիս առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրյալի կարգավիճակում կհայտնվի։