Իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին Ադրբեջանի մոտ արթնացել է այն հույսը, որ կարող է իր ծրագրերն իրականացնել՝ կապված Հյուսիսային Իրանի հանդեպ հավակնությունների հետ, որտեղ, որոշ տեղեկություններով, բնակվում է մոտ 30 մլն ադրբեջանցի: Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Նրա խոսքով՝ բացառված չէ, որ ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Ադրբեջանը կարող են խաղարկել, այսպես կոչված, «հարավային Ադրբեջանի» քարտը: «Սա կարող է այն բանի սկիզբը դառնալ, որ Ադրբեջանը կդառնա Իրանի դեմ մարտահենադաշտ: Դա, բնականաբար, առանց հետեւանքների չի լինի, եւ Բաքուն կգնա ցանկացած համաձայնության, այդ թվում՝ նաեւ ԱՄՆ-ի հետ, որ աջակցություն ստանա ինչպես Հյուսիսային Իրանի հարցում, այնպես էլ Ղարաբաղի: Ալիեւին «իրանական Ադրբեջանի» խնդրի վրա կենտրոնանալուն խանգարում է հենց չլուծված ղարաբաղյան հիմնախնդիրը»,- պարզաբանեց Գրիգորի Այվազյանը:
ՀԿ ղեկավարը շեշտեց, որ երկարաժամկետ հեռանկարում Իրանը ԱՄՆ-ին դիմակայելու քիչ հնարավորություններ ունի, քանի որ դա չհաջողվեց նույնիսկ հզոր ԽՍՀՄ-ին: «Մեզ համար այդպիսի գործընթացները կարող են պետականությանը սպառնալիք դառնալ, եւ կարծիքներն այն մասին, որ մենք փոքր երկիր ենք եւ կարող ենք խուսափել Իրանի դեմ լուրջ գործողությունների հետեւանքներից, ոչ մի քննադատության չեն դիմանում»,- հավելեց նա:
Գրիգորի Այվազյանը նշեց, որ հայկական կողմը պետք է աշխատի Ադրբեջանի սադրանքների կանխմամբ, որոնք եղան նաեւ օրերս, եւ որոնց հայկական կողմը ստիպված էր պատասխանել:











