Առողջապահության նախարարության եւ Մարալիկի ծննդատան աշխատակիցների միջեւ այս պահին տեղի է ունենում քննարկում։ Առողջապահության նախարարության աշխատակիցն ասաց, որ 150-ից պակաս ծնունդ ունեցող ծննդատները փակվելու են.

«150-ից պակաս ծնունդ ունեցող ծննդատները չեն համապատասխանում նույնիսկ առաջին մակարդակին։ Մակարդակավորվել են ծննդատները ըստ իրենց գործառույթների եւ 150-ը սահմանվել է ամենանվազագույն թիվը։ Եթե 3 օրը մեկ եք ծնունդ ընդունում, ապա այսպես թե այնպես նրանց որակավորումն է ընկնում, որովհետեւ 3 օրը մեկ ծնունդ ընդունելը որակ չի ապահովում»։

Նախարարության աշխատակիցն ասաց, որ մասնագետների բացակայություն կա ծննդատանը. «Առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է, որ մոր եւ մանկան մահացության դեպքերը կրճատվեն։ Այստեղ նույնիսկ բժշկի շուրջօրյա հերթապահություն չկա, քանի որ մեկ հոգին ի վիճակի չէ ամեն օր հերթապահել։ Բուժպերսոնալով նախարարությունը չի ապահովում, քանի որ մենք ունենք կադրային դիֆիցիտ։ Դրա մասին պետք է մտածի նաեւ ձեր մարզային ղեկավարությունը, ու բժիշկն էլ պետք է ցանկություն ունենա գալու»։

Մարալիկի ծննդատան աշխատակիցն էլ հարցրեց, թե ինչո՞ւ Առողջապահության նախարարությունը նոր մասնագետներով չի համալրում հիվանդանոցները. «Որտե՞ղ են արդինատուրայում սովորող բժիշկները, նախարարը մեկ տարի շարունակ ասում է, որ ունի այդպիսի մասնագետներ, որ ուղարկի մարզեր, սակայն մի մասնագետ չուղարկեցին։ Ո՞վ կգա 30 հազար դրամով աշխատի»։

Նախարարության աշխատակիցն էլ նշեց, որ նախարարությունը չի կարող պարտադրել մասնագետներին՝ գնալ մարզերում աշխատելու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարալիկի ծննդատան փակմանը դեմ քաղաքացիները փակել էին համայնքի միջպետական ճանապարհը։ Նրանց էր հանդիպել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հորդորել բացել ճանապարհը։