Անի խոշորացված համայնքի համայնքապետը շուրջ 1 տարի տեղում չէ, որ ծննդատան փակման հետ կապված խոսի բնակիչների հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասացին Մարալիկի բնակիչները։

«Պոլե չուդես են խաղում ստեղ։ Մեր գյուղապետը փախած է աշխատում։ Բելառուսի պարտիզանների նման են աշխատում»,- ասաց բնակիչներից մեկը։

Մարալիկի ծննդատան մանկաբարձն էլ նշեց, որ իրենց ծննդատունը սպասարկում է 17 գյուղից 5-6 գյուղին, քանի որ տրանսպորտի խնդիր կա. «Նախարարությունն ասում է, թե մենք համապատասխան մասնագետներ չունենք։ Սառնաղբյուրից, Լանջիկից չեն կարողանում ծննդկանին տեղափոխել Գյումրի։ Պատճառաբանում են, որ ծնունդ օգնությունը շատ քիչ տվյալ է ներկայացրել, ունենք 106 ծնունդ, այնինչ 150-ը նվազագույնն է։ Մեր բժիշկ-գինեկոլոգը 2 ամիս առաջ մահացավ եւ ավտոմատ հղիները գնացին Գյումրի։ Այսինքն՝ մենք պակասեցրին մեր հղիների քանակը։ Եթե ցանկություն լինի, ամեն ինչ կլիներ իր տեղում, սակայն ցանկություն չկա, չեն պայքարում, վերեւներում սխալ տվյալներ են ներկայացնում։ Մարալիկի հիվանդանոցը եղել է շուրջկենտրոնի ամենամեծ հիվանդանոցը։ Վիրահատականը փակեցին, ինֆեկցիոնը փակեցին, հիմա հերթն էլ ծննդատանն է»։

Նշենք, որ քիչ առաջ Առողջապահության նախարարության, Մարալիկի ծննդատան աշխատակիցների եւ բողոքող քաղաքացիների միջեւ տեղի է ունեցավ քննարկում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարալիկի ծննդատան փակմանը դեմ քաղաքացիները փակել էին համայնքի միջպետական ճանապարհը։ Նրանց էր հանդիպել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հորդորել բացել ճանապարհը։ Նրանք, ի վերջո, բացեցին ճանապարհը, քանի որ Շիրակի մարզպետարանում տեղի է ունենալու քննարկում ծննդատան փակման վերաբերյալ։ Բողոքող քաղաքացիները կսպասեն մարզպետարանում տեղի ունեցած քննարկման արդյունքներին։