Մեր գնահատականներով իրավիճակը ավելի շատ դեէսկալացիայի է գնում, եւ մենք հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով ԱՄՆ-Իրան հարաբերությունների եւ հնարավոր զարգացումների մասին։

«Իհարկե, մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում,  ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել՝ շատ լայնածավալ աշխատանք ենք կատարել ե՛ւ սիրիական ճգնաժամի, ե՛ւ Իրանի ճգնաժամի ընթացքում։ Կարելի է ասել՝ մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել,մենք կարողացել ենք մշակել ե՛ւ տարհանման պլան, ե՛ւ ճգնաժամին արձագանքելու պլան, որը կարծում եմ՝ շատ կարեւոր առաջընթաց է մեր կառավարման համակարգի համար։ Որոշակի առումով այս երկու ճգնաժամից մեր  ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել, եւ մենք ավելի հստակ գիտենք, թե ինչ ենք կատարելու»,- նշեց նա։

Հարցին՝ Հայաստանը պատրաստվո՞ւմ է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև, ԱԽ քարտուղարն ասաց․ «Նման տարբերակ դեռեւս չի քննարկվել։ Իհարկե, մենք ցանկություն ունենք, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի, եւ մենք մեր դերակատարությունը ավելի շատ տեսնում ենք, որ 2 կողմի հետ էլ շարունակենք երկխոսությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք ցանկացած տարբերակի պատրաստ ենք՝ օգնելու, որ կոնֆլիկտը հնարավորինս մեղմվի»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ տնտեսական անվտանգության առումով մտահոգություններ չկա՞ն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․  «Տնտեսական անվտանգության առումով այս պահին մենք խնդիր չունենք, մենք բոլոր տարբերակները քննարկել ենք, սննդի անվտանգությունից սկսած մինչեւ կարեւոր ենթակառուցվածքների աշխատանք։ Մենք բոլոր այլընտրանքային ճանապարհների լուծումն արդեն գտել ենք։ Այն ապրանքները, որոնք եթե ճգնաժամ սկսի, ինչպես ենք փոխարեինելու, դրա ճանապարհային քարտեզն ունենք, ուստի կարող եմ ասել մենք պատրաստ ենք բոլոր առումներով, իհարկե եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն»։