ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստը 30 րոպեով հետաձգվեց քվորումի բացակայության պատճառով, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Հանձնաժողովի նիստին եկել էին միայն նախագահը՝ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Արթուր Դավթյանը («Իմ քայլը») եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Սեղանի շուրջ հանձնաժողովի իր գործընկերներին չտեսնելով՝ Պետրոսյանը կատակով ասաց. «Ստացվում է, որ այստեղ ես միակ գործազուրկն եմ եւ անելու ոչ մի բան չունեմ: Հարց է հնչում՝ ինչո՞ւ եմ առավոտ 10-ին այստեղ եկել»:

Պետրոսյանը, սակայն, սրանով չսահմանափակվեց: Լավ տրամադրություն ունենալով՝ նա շարունակեց կատակել իշխող դաշինքի իր գործընկերների հետ:

«Պարո՛ն նախագահ, կարծում եմ՝ գիտեմ, թե մեր գործընկերներն այսօր ինչու են ուշանում հանձնաժողովի նիստին: Նրանք, ամենայն հավանականությամբ, գիտակցությունը կորցրել են եւ դեռեւս ուշքի չեն եկել Նիկոլայ Բաղդասարյանի երեկվա հայտարարությունից հետո այն մասին, որ ծնվելիս որոշ նորածինների սեռն անհնար է որոշել»,- հայտարարեց Պետրոսյանը: