ԱԺ պատգամավոր Քրիստինա Պողոսյանին և շատ պատգամավորներին,  ընդհանրապես մեր կառավարման համակարգում գտնվող անձնանց իմ խորին համոզմամբ պակասում է նվազագույն իրավական գիտելիքները։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատական իշխանության ներկայացուցիչ չէ։

«Սա ես չարախնդությամբ չեմ ասում։ Ասում եմ մտահոգությամբ, որովհետև հաճախ լսում ես արտահայտություններ, որոնք իրավունքի տարրական իմացության հետ կապ չունեն։ Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժի առանձին ներկայացուցիչներ այս լայնամասշտաբ հարձակումը, որ կազմակերպել են Սահմանադրական դատարանի նկատմամբ, և անհատապես ՍԴ նախագահի և նաև դատավորների նկատմամբ անգամ նկատի չեն առնում տարրական բարոյական նորմերը։ Ամեն գնով իրենց ցանկությանը հասնելու համար ամենատարբեր բաներ վկայակոչելը մենք ճիշտ չեն համարում, ոչ նպատակային և ոչ արժեք ստեղծող վարքագիծ»,-նշեց նա։

Մինասյանը շեշտեց՝ Քրիստինա Պողոսյանի արտահայտություններն ակնհայտ նույնիսկ վիրավորական էին․ «Դա ԱԺ պատգամավորին վայել պահվածք չէր, ինչպես մյուս շատ պատգամավորների և գործադիր իշխանության ներկայացուցիչների պահվածքը»։