Սա ինքնասպանություն չէ ինձ համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, մահացած զինծառայողի հարազատներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Ես հետեւելու եմ էս գործին»,- վրդովված հարազատներին ասաց Դավիթ Տոնոյանը:

Հարազատները պահանջում էին տալ այն զինծառայողի անունը, որը կապ ունի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ:

Մահացած զինծառայողի եղբայրն էլ պնդեց՝ ինչպես կարող են վստահել նախարարի խոսքերին, երբ մամուլը արդեն մի քանի օր է ինքնասպանության մասին է գրում: Նախարարն էլ ասաց, որ իրեն չվստահելու պատճառ չունեն և կոչ արեց դադարեցնել բողոքի ակցիան. «Եկեք թարգենք էս ամեն ինչը, սա մեզ պատիվ չի բերում՝ ոչ քեզ, ոչ քո զավակին, առաջին հերթին, ոչ քո երկրին: Ես ասում եմ, որ ինձ համար, էն տեղեկությունները, որ ես ունեմ, էն հանգամանքները, որի մասին իմացել եմ, ինքն ինքնասպան չի եղել: Մի բան էլ ես ասեմ, ինքը ինչ-որ ֆիզիկապես եղել է, ես չգիտեմ, բայց բարոյապես ես անձամբ եմ պատասխանատվություն կրում, հրամանատարներն են կրում, որովհետեւ չեն հետեւել պատշաճ ձեւով եւ պատասխանատվություն են կրելու ե՛ւ կարգապահական, ե՛ւ քրեաիրավական գնահատական ստանալուց հետո, էդքանը ես ձեզ վստահեցնում եմ: Ինձ չհավատալու որեւիցե առիթ չունես դու»:

Նշենք, որ հարազատները ցանկանում էին մահացած զինծառայողի դին տեղափոխել Պաշտպանության նախարարություն, սակայն նախարարի հետ խոսելուց հետո հետ վերադարձան գյուղ՝ հուղարկավորելու զինվորին:

Նշենք, որ Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

NEWS.am-ի հետ զրույցում հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն: