Xiaomi ընկերությունը Mi 10 սմարթֆոնների հավաքածուն պաշտոնապես ներկայացնելու նախաշեմին շարունակում է թեժացնել գաջեթների հանդեպ հետաքրքրությունը: Ընկերության ներկայացուցիչները վերջերս հայտարարել էին, որ հենց այս սարքերն են աշխարհում առաջինը ստանալու LPDDR5 նոր սերնդի հիշողությունը: Իսկ երեկ համացանցում հոլովակ է հայտնվել, որում Xiaomi Mi 10-ը արտասովոր ռեկորդ է սահմանում, փոխանցում է Naked-Science-ը:

Ցուցադրելու համար, թե որքան լավն է իրենց նոր ֆլագմանը, Xiaomi-ում Ռուբիկ-կուբիկը հավաքելու արագության մրցություն են կազմակերպել գաջեթի եւ մարդու միջեւ: Դրա համար հրավիրել են ոչ թե շարքային մեկին, այլ իրեն՝ Դու Յուշենին՝ չինացի, որը 2018 թվականին կուբիկը 3,47 վայրկյանում հավաքելու համաշխարհային ռեկորդ էր սահմանել:

Այս փորձարկման մեջ սմարթֆոնի «ձեռքերն» էին ռոբոտացված մանիպուլյատորները: Սմարթֆոնը դրանց օգնությամբ գլուխկոտրուկը լուծել է 1,47 վայրկյանում: Ինքը՝ Դուն, ակնհայտորեն շատ էր նյարդայնանում արտառոց մրցակցի պատճառով եւ չափազանց հետ էր մնացել ոչ միայն սմարթֆոն-ռոբոտի դուետից, այլ նաեւ սեփական ռեկորդից: Չինացին խնդիրը լուծել է միայն 6,47 վայրկյանում:

Չինաստանում Xiaomi Mi 10-ի ներկայացումը տեղի է ունենալու փետրվարի 13-ին: Միջազգային շուկայում ներկայացվելու է այս ամսվա վերջին՝ Բարսելոնայում MWC 2020 ցուցահանդեսում: Բացի հիշողության նոր մոդուլներից, Mi 10 հավաքածուի գաջեթները կունենան Snapdragon 865 «թարմ» պրոցեսորներ: