Կյանքում Ծառուկյանը միջնորդությունների կարիք չունի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, թե ինքը քաղաքական առևտրի մեջ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ պատճառով այլևս չեն պաշտպանում իրենց նախկին դիրքորոշումը Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումների վերաբերյալ, Ծառուկյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ չենք հանդիպել, դատարկ-դատարկ էդ խոսացողները, դատարակ խոսում են, այդպիսի բան չի կարող լինել և այսպիսի բան չկա»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ միջնորդավորված այդ հարցը քննարկե՞լ են, որին ԲՀԿ առաջնորդն արձագանքեց․ «Այսինքն միջնորդը Սասուն Միքայելյա՞նն է, այսինքն Ծառուկյանն էդքան փոքրացե՞լ ա, կարիք ունի միջնորդությունների՞, կյանքում Ծառուկյանը միջնորդությունների կարիք չունի, եթե հանդիպած լինեմ, կասեմ հանդիպել եմ, եթե քննարկած լինենք, կասենք քննարկել ենք, Ծառուկյանն էն աստիճանի է հասել, որ նա երբեք ու երբեք տակից-վրից խաղեր տալու ճանապարհները վաղուց անցել է»։

Դիտարկմանը, որ հստակ դիրքորոշում չեն հայտնում հանրաքվեի վերաբերյալ, Ծառուկյանն ասաց․ «Վաղը հայտնում ենք, ոնց կարանք չհայտնենք։ Մենք ասել ենք՝ հանրաքվեի գաղափարին կողմ ենք, ոչ թե մի դատավորի հարց, այլ եթե դու ամբողջ ազգին հանում ես ոտի,այսքան ծախսեր ես կատարում, ուրեմն լուրջ խնդիրներ կան։ Մենք խմբակցությունով ասեցինք, որ կողմ ենք հանրաքվեի գաղափարին, բայց այնտեղ կան իրավական խախտումներ, այլ հարցեր, որոնք մենք պատրաստ ենք 24 ժամ հանդիպել, քննարկել, լուծել, որ մի օգուտ կատարենք, և ասացինք՝ սպասում ենք արձագանքի և ոչ մի արձագանք չտվեցին, մենք էլ ասացինք՝ եթե արձագանք չեք տալիս, մենք ոչ դեմ ենք քվեարկում, ոչ կողմ, ո՞վ կարա մեղադրի, մեղադրողին բերեք դեմս, էդ մուտիլովչիկներին, սադրողներին, որ ուզում են սարքեն ինչ-որ հակասություն, մենք վաղուց գիտենք, ես գիտեմ՝ վաղը ինչ է լինելու, 20 օր հետո ինչ է  լինելու, որ իրենք շարժվում են գրքով, ես շարժվում եմ պրակտիկորեն»։