Ես ինքս չեմ մտել որեւէ դեղատուն, չեմ փորձել դիմակ ձեռք բերել, բայց կարծում եմ, որ իրավիճակը մի փոքր ուռճացված է: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Դիտարկմանը, որ Ծառուկյանն ասել է, որ բարի մարդկանց այդ վիրուսները չեն կպնում, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց, որ իր կարծիքով այն երիտասարդը, որ վարակված է կոնորավիրուսով եւ գտնվում է բուժման փուլում, նա նույնպես բարի մարդ է:
Հարցին, թե ինչո՞ւ են կորոնավիրուսով վարակված անձի հետ շփված անձանց տարել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Կառավարության բազայի տակ այդ հյուրանոցն էր գտնվում, որտեղ հնարավորինս կարող էին մեկուսացվել մարդիկ: Սովորական, ստանդարտ հիվանդանոցներում չէր կարելի մեկուսացնել այդ մարդկանց; Նպատակահարմար են գտել Ծաղկաձորը»:
Ինչ վերաբերում է նրան, որ դրա պատճառով Ծաղկաձորի հյուրանոցները դատարկվել են, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ երկու օր առաջ բարձրաստիճան պաշտոնյաներ գնացել էին Ծաղկաձոր եւ բոլորովին այլ պատկեր է եղել:
Լրագրողները հիշեցրին Ծառուկյանի խոսքը, թե «դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան», ինչին «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց. «Մեր մասնագետները տնտեսությունից էլ են հասկանում, առողջապահությունից էլ են հասկանում: Ամեն ինչ շատ ավելի վերահսկելի է, քան փորձում են խուճապի միջոցով տարածել»:











