Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ զրուցել ենք հասարակություն-Եկեղեցի կապերի մասին, նաեւ այն մասին, թե ինչպես կարող է իշխանությունն օժանդակել կամ մասնակցություն ունենալ Եկեղեցու կողմից իրականացվող միջոցառումներին: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Օրինակ, եթե խոսվում է Եկեղեցիների վերանորոգումների մասին, մենք ասացինք, որ եթե մեր կարիքը լինի, պատրաստ ենք դրան: Շատ տարբեր մտահոգություններ հայտնել ենք թե մենք, թե Կաթողիկոսը, իսկ հանդիպումն անցել է շատ ջերմ, կառուցողական մթնոլորտում: Շատ ավելի շատ խոսել ենք լավ բաների մասին, քան մտահոգությունների մասին»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիան կազմակերպությունը նշել էր, որ Հայ եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից մեկն է Հայաստանում, արդյոք այդ հարցը նույնպես քննարկվել է, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Այո, եղել է քննարկում, տարբեր արձագանքներ են եղել: Համենայնդեպս, մենք չէինք կիսում այդ կարծիքը, որ Եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից մեկն է: Համենայնդեպս, խոսել ենք նաեւ այդ հրապարակման մասին»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է նա գնահատում, որ Էջմիածնում նախօրեին ինչ-որ մարդիկ «Ոչ»-ի հուղարկավորությունն էին կազմակերպել: Պատգամավորն ասաց, որ իր համար այդ երեւույթներն անընդունելի են. «Ին համար անընդունելի մեթոդներ են՝ ծաղկեպսակներ, գերեզմանաթումբեր, գերեզմանաթումբեր, հուշաքարեր: Այդ ամենն ինչ համար անընդունելի է»:











