Պարոն վարչապետ, մեզ համար այսօր պատիվ է Սպարապետի ստեղծած երկրապահական ընտանիքում նշելու նրա ծննդյան 61-րդ տարդարձը: Այս մասին, այսօր՝ ԵԿՄ-ում կազմակերպված միջոցառման ժամանակ նշեց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա նշեց, որ պատերազմում հաղթանակից հետո երկրապահներն անցան իրենց առօրյա գործերին. «Բայց ցավոք սրտի, ՀՀ-ում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի դեպքը, երբ օրենսդիր մարմնում գնդակահարվեց վարչապետը, ԱԺ նախագահը, փոխնախագահները, պատգամավորներ, նախարարներ: Այդ օրվանից սկսած նախորդ հանցավոր ռեժիմը փձորձեց ԵԿՄ-ն ծառայեցնել իր ռեժիմի ամրապնդմանը: կասեի, որ մասնակի նրանց դա հաջողվեց, բայց շնորհիվ մեր այն ընկերների, որոնք երազում էին ունենալ հզոր պետություն, Սպարապետի մտերիմ գաղափարակից ընկերների, չհաջողվեց դա վերջնական իրագործել»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Նա հավելեց, որ հեղափոխությունից հետո տեղի ունեցավ ԵԿՄ արտահերթ համագումար, եւ իրենք այս կարճ ժամանակահատվածում կարողացան համախմբել ԵԿՄ-ն, մաքրել շարքերը եւ կամաց-կամաց գնալ դեպի մեր արմատները:

Սասուն Միքայելյանը տեղեկացրեց, որ այսօր համագործակցում են 4 կազմակերպությունների հետ, որոնց ներկայացուցիչներն ընդգրկված են ԵԿՄ վարչության կազմում: Նա ասաց, որ այսօր էլ պատերազմ անցած տարբեր կազմակերպությունների հետ քննարկում են միավորվելու եւ ԵԿՄ-ում մեկ կառույց դառնալու հարցերը:

«Մենք որոշել ենք հանդես գալ այլ ձեւաչափով, համալրել ԵԿՄ-ն եւ դառնալ կուռ կառույց բանակի ռեզերվում, չխանգարելով բանակի նոր ռեսուրսին: Այս ժամանակահատվածում մենք պետք է կարողանանք այդ գործունեությամբ զբաղվենք»,-ընդգծեց ԵԿՄ նխագահը:

Նա անդրադարձավ նաեւ թավշյա հեղափոխությանը եւ նոր իշխանությանը՝ նշելով. «Մենք երբեք որեւէ իշխանության կցորդ չենք դառնա, բայց մեզնից ծնվել է վարչապետ, որն ընտրվել է ժողովրդի ձայների մեծամասնությամբ, կազմել է կառավարություն Կարեն Սերոբիչի հետ: Եվ տեսել ենք, թե ինչպես այդ ամենը մեկ օրվա մեջ քանդվեց: Մենք պարոն վարչապետ, լինելու ենք այն իշխանությունների հետ, որն ընտրվել է ժողովրդի կողմից: Մենք մեր գործունեությամբ կնպաստենք ներկայիս իշխանություններին, որպեսզի մեր պետությունը գնա դեպի ամրապնդում, դեպի հզորացում: Մենք պարտավոր ենք կանգնել մեր պետության կողմից: Հավատացնում ենք ձեզ, պարոն վարչապետ, որ անկախ քաղաքական հայացքներից, ձեր կողքն ենք լինելու, որպեսզի այն, ինչ արվել է թավշյա հեղափոխության ժամանակ, մենք կարողանանք բոլորս համախմբված այս ամենը հասցնենք ավարտին, ունենանք հզոր պետականություն»,-ասաց նա: