Անցած գիշեր՝ 2-ն անց 40, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ հարձակվել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցում գտնվող տների վրա, հայտարարել են նրա փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը: Նրանց բառերով՝ իրավապահներն ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, կտրելով ճաղավանդակները, ներխուժել են այդ տները, նաեւ կատարել հափշտակություն։ «Անգամ տանը մանկահասակ երեխայի ներկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, ինչի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել է լուրջ վնաս», ասված է հայտարարությունում։

Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, հենց դեպքի վայրում, լրագրողներին հայտնել է, որ վերջին շրջանում շուրջ 5 տասնյակ մարդ, որ առնչություն են ունեցել Վարդանյանի հետ, բերման են ենթարկվել, թեեւ նրանք որեւէ առնչություն չեն ունեցել այսպես կոչված քրեական ենթամշակույթի հետ, ինչի դեմ, Սահակյանի խոսքով, իշխանությունն իբր պայքարում է։

Ոստիկանները բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ  ձերբակալվել է, որոնցից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը: «Իրավապահները նույնիսկ չեն սպասել, որ մարդիկ դուռը բացեն, չեն ներկայացրել իրենց պահանջը։ Նրանց հայտնվելուց 15 րոպե հետո մենք եղել ենք այստեղ։ Մեր ներկայությամբ ոստիկանները կոտրում էին այս ամենը», ասել են փաստաբանները։ Երվանդ Վարոսյանը նշել է, որ նախօրեին է հանդիպել Վարդանյանի հետ, որը չէր թաքնվում եւ պատրաստ էր ներկայանալ՝ կանչի դեպքում։

Մայրը, փոքր երեխան քնած են եղել, ապակին կոտրել են, զենքը պահել են նրանց վրա, ասել է Արամ Վարդանյանի սանիկ, լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։

Մետաղ ջարդելու ձայներ էին լսվում, նաեւ հայհոյանքներ, լրագրողներին պատմել է Արամ Վարդանյանի հարևանուհի Աշխեն Հարությունյանը։

Ոստիկանները նաեւ ժամեր շարունակ խուզարկել են Վարդանյանի տունը. ներկա է եղել Էրեբունու ոստիկանապետը, Վարդանյանի տան 2 մուտքերը հսկել են կարմիր բերետավորները։

Խուզարկության ընթացքում Վարդանյանի հարազատներն ու հարեւանները շարունակել են լրագրողներին պատմել գիշերային իրադարձությունների մանրամասները։

Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի տարեդարձին Եռաբլուր պանթեոն են այցելել Հանրապետության  ղեկավարությունը, բանակի բարձրագույն սպայակազմը: Սպարապետի շիրմին ծաղիկներ են խոնարհել նախագահ Արմեն Սարգսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ:

Հրաժարականները եւ կադրային փոփոխությունները կոչված են բարելավելու բանակի իրավիճակը, լրագրողներին  ասել է պաշտպանության նախարարը։   Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաեւ սահմանին տիրող դրության վերաբերյալ հարցին։

Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում, որովհետեւ Մայր օրենքում հստակ գրված է, որ ես ստորագրում եմ ընդամենը Սահմանադրության օրը նշանակելու հրամանագիրը, NEWS.am-ի հետ զրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, որ ստորագրել է սահմանադրական հանրաքվե նշանակելու հրամանագիրը:

«Եթե ես չստորագրեմ, միեւնույն է 3 օրից նշանակվելու է», ասել է նա։

Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթով, վարչապետի մասնակցությամբ  կայացած Երկրապահ կամավորական միության վարչության նիստին, ԵԿՄ նախագահը հայտարարել է, որ անկախ քաղաքական հայացքներից, իրենք կլինեն Նիկոլ Փաշինյանի կողքին։ 

Ազգային ժողովում կրքերը թեժացել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ելույթի ժամանակ: Նա նշել է, որ Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստանը» քննարկում են շրիշակից ցածր մակարդակի թեմա. «Մարուքյանը խիստ սրտնեղելով ըստ երեւույթին, որոշ անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի  հնարավոր բռնագանփձման հեռանկարից, ընկավ հուզական պոռթկման մեջ եւ ինձ մեղադրեց 18 տարեկանում ՀՀԿ-ին անդամակցելու համար, հետն էլ ասելով, թե բա ինչու կոռուպցիայի հետ կապված հարցերն այն ժամանակ չէիք բարձրացնում», ասել է նա:  Բանավեճին միջամտել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փորձելով դատավորական մուրճի հարվածներով կարգ սահմանել խորհրդարանում։ 

«Մարուքյան, Մարուքյան» ասելով ընդամենը ցանկանում են հանրաճանաչ դառնալ, ես էլ Քոչարյանի օրոք բանակում եմ ծառայել, դե խփեք, լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանի ելույթին:

Ավանդական մշակության նռան եւ արքայանարնջի պտղատեսակներից բացի, Արցախում մեծ քանակով կտնկվեն նաեւ կիվիի այգիներ, նախընտրական քարոզարշավի ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ առաջին հազար հեկտարի համար տնկիներն արդեն պատվիրվել են:

Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանն իր թիմի հետ եղել է Մարտունու և Հադրութի շրջաններում, ընդգծել, որ իր առաջնահերթ նպատակը Արցախը ժողովրդավարական եւ սոցիալական պետություն դարձնելն է, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, արդարության ապահովումը, ճիշտ կադրային քաղաքականությունը։ Թեկնածուն խոսել է նաեւ արտաքին քաղաքականության մասին։

«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրինությունը ճնշումներ է գործադրում  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորելու որոշման դեմ բողոքի ցույցերին մասնակցող աշխատակիցների նկատմամբ, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտնել են կենտրոնի աշխատակիցները։ «Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պահանջել է ակցիայի մասնակիցների ցուցակը, մինչդեռ երբ 2018-ին մեր ամբողջ անձնակազմը հրապարակում էր, ոչ մեկի մտքով չի անցել ցուցակ ուզել, թե ով է գնացել աջակցելու հեղափոխությանը»,- ասել են նրանք։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բանկերում հերթ կանգնելու խնդրին եւ նշել, որ դրա կուլտուրան պետք է ապահովել: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ բանկերում այդ խնդիրը լուծված է, նաեւ նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում՝ օնլայն, հեռախոսով վճարումներ կատարելու:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի, հաղորդում են ռուսական աղբյուրները: Ավելի վաղ հաղորդվել է վարակման 3 դեպքի մասին, վարակվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.48 դրամով եւ կազմել 479.60 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.40 դրամով ու հասել 535.91 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.33 դրամով  ու հասել 619.74 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով ու կազմել  7.23 դրամ։

Մարտի 6-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, մարտի 8-ից 10-ը օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Երեւանում վաղը տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +15+17: