Իրավապահ համակարգի գործողություններից ո՞վ է գոհ, որ ես գոհ լինեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նախօրեին ոստիկանների կողմից Արամ Վարդանյանի («Վստրեչի Ապեր») տներում իրականացրած գործողություններին:
«Միանշանակ գոհ չենք: Մարդիկ, որոնք իրենց հետ աշխատելով, մարդկանց ունեցվածքը խլելով առանց համարանիշների մեքենաներով շրջում են, նրանց բան չեն ասում, էն խեղճ ու տանջված տղերքը, որ ինքնասիրություն ունեն ու մաքուր են, իրենց հետ չեն համագործակցում, դրանք գաղութներից դուրս չեն գալիս:
Միանշանակ դեմ եմ երեխաներին վախեցնելուն, դեմ եմ առանց մեղադրանք առաջադրելու մտնելուն, վախեցնելուն: Եթե մարդը հանցանք է գործել, թող դատեն, բայց եթե ոչ մի բան չեն ապացուցում, ուղղակի էսպես ընկել են մարդկանց հետեւից, դրան դեմ եմ»:
Վարդան Ղուկասյանի համար անընդունելի են ասֆալտին փռել, պատերին ծեփել արտահայտությունները. «Չեմ սիրում այդ խոսքերը, հատկապես, որ վարչապետն է ասում, բայց ինչ մնում է որ հանցագործություններ են կատարում, երկիրը թալանել են, թող նրանք պատասխան տան, բոլորս դրան սպասում ենք, ժողովուրդը սպասում է: Ով ինչ անում է, թող ապացուցեն, հետո դատեն, բայց մարդուն անմեղ տեղը բռնեն, ոչ մեկն էլ կողմնակից չի լինի»:











