Ուժային կառույցները գործում են օրենքի սահմաններում եւ ամեն ինչ անում են օրենքի սահմաններում. Հայաստանում որեւէ մեկը չի կարող հետապնդվել առանց օրենքի տառը պահելու: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին ոստիկանների կողմից Արամ Վարդանյանի («Վստրեչի Ապեր») տներում իրականացված գործողություններին:

Նա ընդգծեց, որ այդ դեպքի հետ կապված հասարակության կողմից որեւէ բողոք չկա, որոշ կայքեր են փորձում նման կերպ ներկայացնել:

Հարցին, թե հասարակությունը գո՞հ է կառավարության աշխատանքից, նա դրական պատասխան տվեց. «Իհարկե, լինում են բողոքներ՝ կապված որոշ գերատեսչությունների աշխատանքի հետ, որոնք շատ արագ լուծվում են մեր միջնորդությամբ, այդ գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ: Բոլոր բարձրացված հարցերը լսելի են, ընդունելի են եւ դրանց լուծումները շատ արագ տրվում են»:

Հարցին, թե նորմա՞լ է համարում, որ մտնում են բուհ, ձեռնաշղթաներով անձին տանում են, կամ երեխաների աչքի առջեւ հորը ձերբակալում, տանում են, վախեցնում են ընտանիքի անդամներին, Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Դա որոշում է տվյալ ուժային կառույցը, թե ինչպես պետք է անի, դա կախված է գործի առանձնահատկություններից: Իրենք են ընտրում մեթոդը»:

Ինչ վերաբերում է նրան, որ «Վստրեչի» Ապերի» տան խուզարկության համապատասխան փաստաթուղթը չեն ներկայացրել փաստաբաններին, պատգամավորն ասաց. «Ես համոզված չեմ, որ չեն ներկայացրել»:

Նշենք, որ «Վստրեչի Ապերը» հայտարարել է, որ ոստիկաններն իրեն գործարք են առաջարկել, որ արի, քեզ ասֆալտին կփռենք, կնկարահանենք, հետո բաց կթողնենք, Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ նման գործարք ոստիկանության կողմից ներկայացվել է: Կարող եմ ասել, որ ոստիկանության համար հանրությանը վտանգ ներկայացնող կամ քրեական գործով անցնող որեւէ մեկին ասֆալտին պառկեցնելու համար միջնորդություն անելու կարիք չունի: Կարող է դա անել օրենքով սահմանված կարգով»: