Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում այսօր` մարտի 7-ին, տարեց կինը, ով աղուհացով դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրան խնդրեց օգնել վերանորոգել երկրաշարժից տուժած տունը:
Փաշինյանը ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, բայց քանի որ քարոզարշավի փուլում է, նյութական ոչինչ չի կարող խոստանալ: Այնուամենայնվ, վարչապետին ուղեկցող աշխատակիցները տարեց կնոջից հեռախոսահամար վերցրեցին:
Մեկ այլ քաղաքացի նույն խնդրով մոտեցավ վարչապետին, նա էլ դիմեց իր աշխատակիցներից մեկին, որ ճշտի արդյոք` այդ բնակիչները ներառված չեն երկրաշարժից տուժածների ցուցակում:
Փաշինյանը Գյուլակարակում բաժանեց «Այո»-ի քարոզչական բուկլետներ, հարցրեց` արդյոք տեղյակ են հանրաքվեից եւ մասնակցելու են:
«Ժողուվուրդ, հաստատ գնալո՞ւ եք հանրաքվեին, թե հեսա որ գնամ, հետեւիցս ասելու եք` հաաա»,-ասաց նա, ինչին բնակիչներն ասացին, որ նպայման գնալու են:
Նշենք, որ նրանց ուղեկցում է նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը եւ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:











