Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 11-ին, «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։

Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Թավադյանը պահվում է  «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, եւ, որ ժամերի ընթացքում նա կլինի ազատության մեջ։

Խուդոյանն ասաց, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։

Խուդոյանի խոսքով՝ Թավադյանի բնակարանից առգրաված իրերը չեն վերադարձվել. «Առաջիկա օրերին, երևի, պարոն Թավադյանի մասնակցությամբ հանդես կգանք հայտարարություններով: Մենք համոզմունք ունենք, որ դա կատարվել է պարոն Թավադյանի կողմից ֆինանսավորվող մեդիա գործունեությանը խոչընդոտելու համար, որովհետև վարույթն իրականացնող մարմնին հիմնավորվել ենք, որ այն ինչ առգրավվել են պետք է ուղղվեին «5-րդ ալիքի» ֆինանսավորմանը և դրա ապացույցներն առկա են: Դա օդից հնարած փաստարկ չէ, մշտապես նա ֆինանսավորել է այդ ալիքը, իսկ այս հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված չի ենթադրում որևէ կերպ գույքի բռնագրավում կամ բռնագանձում»։

Նշենք, որ Թավադյանի գործով նախաքննությունն ավարտվել է, դեռեւս մեղադրական եզրակացությունը չի կազմվել։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։

Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: