ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը կապ է տեսնում դատավոր Աննա Դանիբեկյանի հիվանդության եւ Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորության մասին միջնորդության միջեւ, որը նախատեսվում էր ներկայացնել այսօրվա նիստին: Հիշեցնենք, որ նիստը չի կայացել դատավորի հիվանդության պատճառով:

Լրագրողների հետ զրույցում փաստաբանն հայտնել է, որ իրենք տեղեկացրել են ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանին, Խոսրով Հարությունյանին, Կարեն Կարապետյանին եւ Արցախ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանին, որ դատական նիստը հետաձգվել է, ուստի նրանք դատարան չեն ներկայացել: «Մենք նրանց տեղեկացրել ենք դատարանից զանգի մասին: Պայմանավորվել ենք, որ եթե նիստը կայանա, մենք լրացուցիչ կտեղեկացնենք, որպեսզի նրանք չգան եւ չպասեն: Այդ պատճառով նրանք այսօր այստեղ չեն: Մինչև ուրբաթ մենք, հատկապես` Արամ Վարդեւանյանը, բազմիցս զանգահարելով դատարան, փորձել ենք պարզել` կարող է արդյոք ինչ-որ բան խանգարել նիստին: Ուրբաթ երեկոյան մեզ հավաստիացրեցին, որ նիստը կայանալու է: Երեկ ես վարչապետների միջնորդությունն ու նամակները հանձնեցի դատարանին: Եվ նրանք կրկին մեզ ոչինչ չասացին: Հանկարծ այսօր առավոտյան մեզ հայտնում են, որ նիստը չի կայանալու: Լուրջ հարցեր են ծագում: Հաջորդ նիստին մենք պարզաբանումներ կպահանջենք այն մասին, թե դատավորն ինչ առողջական խնդիրներ ունի: Եթե բուժվել է, ապա` որտեղ: Մենք երաշխիքներ ենք ուզում ունենալ առ այն, որ փորձ չի արվում բացառել մեկ կամ երկու երաշխավորի ներկայությունը: Մենք կասկածներ ունենք, որ դա հատուկ է արվում: Քանի որ, նամակից ու դեպոզիտային հաշվին գումար փոխանցլեուց բացի, երաշխավորները պետք է ներկա լինեն այս միջնորդության քննարկմանը»,- նշեց Հայկ Ալումյանը: