Եթե անհրաժեշտ է այս գործիքակազմը կամ այս խնդրի լուծումը, ապա երկրորդ քայլով մենք պետք է կարողանանք ապացուցել, որ համաչափ են այն գործիքները, որոնցով այս նպատակին հասնում ենք, այլապես կխախտենք, թե քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների վերաբերյալ դաշնագիրը, թե մարդու իրավունքների եվրապական կոնվենցիան, թե ՀՀ Սահմանադրությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին ԱԺ արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի արագացված ռեժիմով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Այն գործիքակազմը, որն օգտագործվում է այստեղ, խիստ անհամաչափ է եւ շատ լայն գործիքներ է օգտագործում, շատ լայն անձանց շրջանակի նկատմամբ կիրառելու համար, բոլորդ ֆիքսեցիք եւ շատ ուրախ եմ, որ իշխանության խմբակցության իմ գործընկերները դա ֆիքսեցին»– ասաց Սիմոնյանը։

Պատգամավորը դիմելով Արդարադատության նախարար ռուստամ Բադասյանին ասաց. «Երեկ գիշերը՝ մինչեւ ժամը 3–ը, ուսումնասիրում էի ձեր բերած բոլոր պետությունների «միջազգային փորձերը», այդ պետություններից ոչ մեկում նման իրավակարգավորում չի ընդունվել, ավելի ձեր նշած հիմնավորումներում, հղում է կատարվում լրատվամիջոցներին։ Դուք, որպես իրավաբան, գիտեք, որ լրատվամիջոցների հիման վրա իրավունքների սահմանափակում կատարել չի կարելի։ Ձեր նշածով դուրս է գալիս, որ այն ինչ հիմա բերել եք այս ամբիոն, ընդունվել է այն մնացած բոլոր պետությունների կողմից»։