Արցախի Ստեփանակերտ քաղաքում այսօր` ապրիլի 5-ին Արցախի հեղափոխական կուսակցության կազմակերպած բողոքի ակցիան անցել է լարված մթնոլորտում: Ոստիկանները հավաքված մի քանի տասնյակ մարդկանց հորդորել են գնալ տուն, քաշքշոց է սկսվել, սակայն ակցիան տեղի է ունեցել:
Արցախի հեղափոխական կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իրենց ակցիան խաղաղ է, իսկ եթե կորոնավիրուսի հետ կապված են հորդորում գնալ տուն, ապա պետք է երկրում արտակարգ դրություն հայտարարել: Նա հայտարարել է, որ չի ընդունում Արցախում ընտրությունների արդյունքները:
«Պետք է անցկացնել ոչ թե ընտրությունների երկրորդ փուլ, այլ կրկնակի ընտրություններ պետք է անել, քանի որ սա խայտառակ ընտրություն էր: մեր բոլորի ինքնասիրության հետ փորձել են խաղալ: Մենք պահանջում ենք Բակո Սահակյանի, Լեւոն Մնացականյանի եւ Արշավիր Ղարամյանի հրաժարականը, քանի դեռ նրանք կան ընտրությունները այսպես է լինելու, իշխանության զավթման փորձ ու եթե հիմա էլ լինի երկրորդ փուլ, ավելի խայտառակ է լինելու, քան առաջին փուլը»,- ասել է նա:
Նա հայտարարեց, որ եթե կորոնավիրուսի հետ կապված կա, պետք է հետաձգել ընտրությունների երկրրոդ փուլը եւ արտակարգ դրություն հայտարարել:











