Թեստավորման հետ կապված հարցերը լուծվում են, այս հարցում ՀՀ իշխանությունները մեծ աջակցություն են ցուցաբերում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Այս պահի դրությամբ ունենք բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը վերահսկելի պահելու համար: Ինքնանպատակ չի Արցախում թեստավորում իրականացնելը: Մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ կատարում ենք, ինչ-որ փուլում այդ հնարավորությունը կստեղծվի, բայց որեւէ խոչնդոտ կամ վնաս, որ թեստերը ուղարկում ենք Հայաստան եւ ստանում պատասխան, որեւէ խնդիր այդ առումով չունենք՝ ոչ ժամկետների, ոչ քանակի առումով»,-ասաց նա:

Հարցին, թե Արցախում կա՞ն արագ թեստեր, պետնախարարը պատասխանեց. «Արագ թեստեր մենք ունենք, բայց դուք գիտեք, որ դրանց վստահելիության, ճշգրտության հետ կապված խնդիրներ կան: ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ամբողջությամբ ընդունել դրա արդյունքները»: