Մենք աշխատում ենք հակաճգնաժամային կամ վնասները չեզոքացնելու, նվազեցնելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Այս պահի դրությամբ արդեն երեւի ստորագրվել են նախագահի կողմից սոցիալական բնույթի վնասները չեզոքացնելու միջոցառումները: Դրանք նախատեսում են գրեթե այն միջոցառումները, որոնք Հայաստանում են կիրառվում: Օրինակ հղի կանանց միանվագ նպաստ, որոնց ամուսինները աշխատանքը կորցրել են եւ այլն:

Նաեւ  մեր կողմից արդեն շրջանառության մեջ է դրված գյուղատնտեսության ոլորտի թվով 6 միջոցառումներ, որոնք ուղղված են տնտեսական վնասների չեզոքացմանը, ինչպես նաեւ պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը, հատկապես այս գարնանացանի ժամանակահատվածում: 1-2 օրվա ընթացքում այդ որոշումները կստորագրվեն եւ կհրապարակվեն»,-ասաց Արցախի պետնախարարը:

Նա հավելեց, որ ավարտել է առաջին եռամսյակը, հիմա վերլուծում են այդ տվյալները, որպեսզի ավելի հասցեական ու նպատակային ծրագրեր կիրառեն:

«Հնարավոր կորուստները հիմա դժվար է գնահատել թվային առումով, որովհետեւ գործընթացը շարունակվում է եւ ամեն ինչ կախված է ճգնաժամի տեւողությունից ու խորությունից: Կարծում եմ՝ դեռ վաղ է նման գնահատականներ տալու համար»,-ընդգծեց Գրիգորի Մարտիրոսյանը: