Մենք ունենք երգ, որում կան հետեւյալ բառերը՝ խփում ենք թուրքին ախպերս ու ես, հիմա ասում ենք՝ մտավախություն կա, կարող է այդ երգն ինչ–որ մեկը երգի եւ այս հոդվածով ենթարկվի պատասխանատվության։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14–ին ԱԺ–ում ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու և կից ներկայացված օրենքների մասին ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
«Բռնության կոչերի մասին նախագծում ունենք մտահոգություն, որ կարող է մարդիկ ենթարկվեն պատասխանատվության մեր երգերի կամ արվեստի որոշակի գործերի համար։ Երբ որ այս երգում կամ առհասարակ մենք ասում ենք՝ թուրքերին ոչնչացնել կամ այլ բաներ, մենք դա ասում ենք որպես էթնո՞ս, թե՞ որպես թշնամի, ո՞նց հասկանանք, թե որպես ինչ ենք ասում։ Մենք գիտենք, որ 1915 թվականին՝ ցեղասպանության ժամանակ, թուրք ազգի որոշ ներկայացուցիչներ պահում էին հայերին իրենց տներում, որպեսզի ցեղասպանության չենթարկվեին։ Մենք չենք ասում չէ՞, որ այդ թուրքերին եւս պետք է սպանել, մենք երբ ասում ենք՝ թուրք, դա օգտագործում ենք որպես հոմանիշ թշնամի բառի, բայց երբեք չենք խոսում էթնոսի մասին։ Ես գտնում եմ, որ այն թուրքերը, որոնք պահում էին հայերին փրկելով ցեղասպանությունից, իրենք լավ թուրքեր են, ու գտնում եմ, որ անմտություն կլինի հորդորել նաեւ սպանել այդպիսի թուրքերին եւ առհասարակ միայն նրա համար, որ մարդն այդ ազգին է պատկանում, հորդորել բռնության ենթարկել, այո, չի կարելի, բայց երբ մենք ասում ենք՝ թուրք կամ ադրբեջանցի, ոչ թե էթնոսի այլ մեր թշնամի լինելու իմաստով, պարզ է, որ այս հոդվածի կարգավորման տակ անձը պետք է չընկնի ու վստահ եմ, որ մեր իրավակիրառողները դա հասկանալու են»։
Նշենք, որ ըստ օրենսդրական փաթեթի, գենդերային, ռասայական, էթնիկական կամ սոցիալական, գենետիկական բնութագրերի, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելիության, սեփականության կարգավիճակի, ծննդյան, հաշմանդամության, տարիքի, սոցիալական կամ անձնական այլ բնութագրերի հիմքով անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հանրային կոչերը կհետապնդվեն քրեական կարգով:











