ԲՀԿ-ն տվել է իր համաձայնությունը Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» նախագծին, սակայն նաեւ որոշակի մտահոգություններ ենք հայտնել: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Նախ, ժամանակային առումով, դուք պարոն նախարար, ասացիք, որ միայն բացառիկ դեպքերում 10 տարուց հետ կգնանք, բայց բացառիկը էլի դեպքեր են:

Մինչեւ 1993 թվականը գործել է ռուբլին, այստեղ պրոբլեմ կա, շատ բարդ է լինելու դրա գնահատումը:

Երկրորդ, 1994-1955 թվականներին տեղի է ունեցել համատարած հիմնական միջոցների վերագնահատում, որը գույքի արժեքը մի քանի անգամ մեծացրել է:

Երրորդ, սեփականության ինստիտուտի գրանցման ինստիտուտը ձեւավորվել է 1998-ին եւ գործել է 1999-ի հունվարի 1-ից: Այսինքն մինչ այդ եղել են ինվենտ բյուրոներ, իսկ նոտարները գործարքները անում էին նույնիսկ թվեր չգրելով»,-ասաց Մելքումյանը:

Նա հիշեցրեց, որ 1998-ին Ռուսաստանում ֆինանսական դեֆոլտ եղավ, դրանից հետո անշարժ գույքի ամենաէժան գները արձանագրվել են 1999-2000 թվականներին:

«Այն ժամանակվա քաղաքականության հիմնական արգասիքը նա էր, որ մարդիկ, որոնք ունեին 5-10 հազար դոլարանոց բնարականներ, միանգամից 2 տարում գինն աճեց դարձավ 80-100 հազար դոլար: Վճարունակությունը մարդկանց մեծացավ: Կա՞ ազդեցության գնահատական:

Հիմա եթե համաճարակի հետ կապված անշարժ գույքի գներն ընկավ, մարդկանց գնողունակությունն ընկնելու է համատարած, քանի որ գույքը գրավ դնելիս ավելի քիչ գումար կարող են վերցնել բանկերից: Այդ ազդեցության գնահատականը ունե՞ք, թե չունեք, թե՞ գույքը, որ բռնագանձենք, այդ գույքի գներն էլ է ընկնելու հետը միասին եւ ասելու եք՝ շատ քիչ մտավ բյուջե: Մենք ունե՞նք հակազդման խնդիրներ»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը: