Պարոն Թունյանն ասաց, որ միայն մեզ մոտ են լավ մտքերը, լավ առաջարկները, բայց ես կարծում եմ, որ բոլոր պատգամավորների մոտ էլ եւ լավ, եւ վատ, եւ քննարկելի առաջարկներ են արվում: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Մենք այստեղ չենք կարեւորում, թե ով է առաջարկն անում, կարեւորում ենք, որ այդ լուծումը ստանանք: Բնականաբար, երբ կառավարության նխագծերը բերում են, որ իշխանության պատգամավորները պաշտպանում են այդ նախագծերը, ընդդիմությունը պետք է քննադատի դրանք՝ գտնելով թերությունները: «Իմ քայլը» պետա է լսի այդ քննադատությունները, ականջալուր լինի եւ փորձի վերլուծելով հասկանալ՝ արդյոք այս առաջարկը առողջ առաջարկ է, թե ձեւական: Բնական է, որ մենք փորձելու ենք նախագծերի խոցելի տեղերը ձույց տանք»,-ասաց Բագրատյանը:

Նա նաեւ օրինակ բերեց՝ նշելով. «Օրինակ, գյուղում իրենց տանը նստած մեր տատիկ-պապիկները, որ տանը հազիվ շարժվում է, փոստատարը բերում իր 40 հազար դրամ թոշակը բերում տալիս է: Տատիկը գնում մոմ է առնում, խունկ է առնում, հա է առնում ու ապրում է: Հիմա եթե մենք տատիկին փողը փոխանցեցինք քարտի վրա, տատիկը ո՞նց է բանկոմատից փող ստանալու: Պատկերացնո՞ւմ եք 90 տարեկան տատիկի բանկոմատի դեմը կանգնած: Դեռ մի 30 կմ էլ պետք է գնա, որ հասնի մոտակա քաղաքը, որտեղ կա բանկոմատ: Տեխնիկապես դա հնարավո՞ր է, թե ոչ»:

Սերգեյ Բագրատյանը մեկ այլ փաստարկ բերեց. «Կամ թոռնիկները խնդրում են, ասում են՝ տատիկ ջան, մի հատ երաշխավորի էս վարկի տակ: Տատիկը ո՞նց կարա մերժի, ստորագրում է, մեկ էլ տեսար 30 տոկոս բռնագանձում եկավ: Այսինքն այդ թոշակների 30 տոկոսը ԴԱՀԿ-ն կտանի»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ օրենքին դեմ չի, բայց պետք է լուրջ մտածել դրա կիրառման մասին: