Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն այսօր «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ մոտեցավ ԱԺ ամբիոնին՝ մամուլի նախկին հրապարակումներից մեկը ձեռքին, ու սկսեց այն ընթերցել պատգամավորների համար:
«Ենթադրենք՝ 2017 թվականին 11 ամիս շարունակ լրագրողական հետաքննություն է արվել՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաներից մեկի գույքի եւ ունեցվածքի հետ կապված, որի հայտարարագրած ամսական աշխատավարձը կազմել է 416 հազար դրամ: Հետաքննության տվյալներով պարզվել է, որ այդ պաշտոնյան Երեւանի թաղամասերից մեկում ունի դղյակ՝ 3 միլիոն դոլար արժողությամբ, 72-ամյա թոշակառու մոր անունով ունի 3 դղյակ՝ գումարային 5.5 միլիոն դոլար արժեքով, հորաքրոջ որդու անունով՝ եռահարկ առեւտրի կենտրոն՝ 2 միլիոն դոլար արժեքով, բազմաբնակարան նորակառույց բնակելի շենք՝ ընկերոջ կնոջ քրոջ անունով՝ 4 միլիոն դոլար արժեքով, չշարունակեմ թվել…
Միայն թվարկված գույքի արժեքը կազմում է 14.5 միլիոն դոլար: 416 հազար դրամ աշխատավարձով 14.5 միլիոն դոլարի գույք ունենալու համար անհրաժեշտ է 1408 տարի, այսինքն՝ այդ պաշտոնյան պետք է ծնված լիներ մ.թ. 612 թվականին եւ ծնված օրվանից նշանակված լիներ այդ պաշտոնին»,- ասաց Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ օրենքի ընդունումից հետո այդ պաշտոնյան պետք է պատասխան տա հարցին՝ ինչպես է այդ ունեցվածքը ձեռք բերել:
Պատգամավորը նաեւ հարց հնչեցրեց՝ իսկ հնարավո՞ր է, որ այդ տվյալները հայտնված լինեին իրավապահ կառույցներից մեկում եւ այդ համակարգից դուրս շպրտվածների ձեռքով դրանց հետքերը վերացված լինեին:
«Միգուցե, դա պարզելու ուղղությամբ քայլեր կարվեն»,- ասաց Արեն Մկրտչյանն ու շարունակեց. «Ու հիմա աղմկում են ժամավճարով տարբեր քաղաքական գործիչները եւ տառավճարով ֆեյք աշխատողներ, որոնք վախենում են, որ իրենց հովանավորները կզրկվեն իրենց թանկարժեք խաղալիքներից, իսկ իրենք՝ աշխատավարձից: Դուք շարունակեք վախենալ, իսկ մենք նախագիծը կյանքի ենք կոչելու»:











