Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցածից, որտեղից նախօրեին Հայաստանի քաղաքացիներին վտարել են: Հիշեցնենք, որ քաղաքացիները հրաժարվել էին օդանավակայանի շենքից հեռանալ՝ հայրենիք շտապ չվերթի կազմակերպման հույս ունենալով:
Ապրիլի 21-ին կայացած ճեպազրույցում ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը նշեց, որ ապրիլի սկզբից Մոսկվայից երեք չվերթ է կազմակերպվել եւ եւս երկու չվերթ՝ Ռուսաստանի հարավից: Գործընթացը կշարունակվի, եւ փոխնախարարը հավաստիացրեց, որ մոտ ժամանակում նախատեսվում են լրացուցիչ չվերթներ, այդ թվում՝ Մոսկվայից: «Ոչ ոք չի մոռացվել»,- շեշտեց Ադոնցը:
Փոխնախարարը միաժամանակ արտասահմանում գտնվող հայրենակիցներին հորդորեց ենթարկվել ընդունող երկրի իշխանությունների պահանջներին: «Եթե իշխանությունները պահանջում են հեռավորություն պահպանել, կատարեք: Եթե պահանջում են դիմակներ կրել, կրեք»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ պահանջներին հետեւելու դեպքում խնդիրներ չեն առաջանա:
Փոխնախարարը հիշեցրեց, որ ՌԴ-ում հայաստանի դեսպանատունը պատրաստ է օգնել ժամանակավոր կացարանի հարցում: ««Դոմոդեդովոյում» հավաքվելու անհրաժեշտություն չկա»,- նշեց Ավետ Ադոնցը՝ հայրենակիցներին դեսպանատան հետ համագործակցելու կոչ անելով:











