ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ պանդեմիայի պայմաններում էներգակիրների գները պահպանվում են, այդ թվում Հայաստանի եւ Բելառուսի համար: Նա հիշեցրել է, որ երբ այդ համաձայնագրերի ժամկետն ավարտվել է, էներգառեսուրսների սահմանված գները շուկայականից ցածր են եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարծում եմ, որ մեր դաշնակիցները պետք է տնտեսական առավելություններ ստանան: Սակայն կան որոշակի պարտավորություններ՝ նախատեսված պայմանագրով»,-հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ռուսաստանն այս պայմաններում չի իջեցնում ԵԱՏՄ երկրների համար գազի գները:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ներկայիս պայմաններում ռուսական գազի գինը հանրապետության համար պետք է կազմի հազար խորանարդ մետրի համար 40-45 դոլար՝ այժմյան 127 դոլարի փոխարեն: Ընդ որում, Բելառուսում ՌԴ դեսպան Դմիտրի Մեզենցեւը չի բացառել, որ Մինսկը եւ Մոսկվան կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ «վերաիմաստավորել» ռուսական գազի գինը՝ հաշվի առնելով նավթի համաշխարհային գների անկումը:

«Վստահ եմ, որ դիմումները , որոնք ստացել ենք եւ՛ բելառուսցի, եւ՛ հայ մեր գործընկերների կողմից, կքննարկվեն, սակայն սխալ է հիշել այդ մասին, երբ իրավիճակը հակադրվում է այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ»,-հայտարարել է Լավրովը՝ հավելելով, որ գազի գնի վերանայման հարց ուղղելու մեջ տրամաբանություն կա, «սակայն պետք է տրամաբանական լինել մինչեւ վերջ»: