ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է դատական հայցեր ներկայացնել այն լրատվամիջոցների դեմ, որոնք կոնտեքստից կտրած զրպարտչական բնույթ նյութեր կհրապարակեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ արդյոք նիստում քննարկվել է վարչապետի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստվում է պետական համակարգը մաքրել «Սերժի մնացորդներից», Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Դրա մասին խոսում է ոչ միայն վարչապետը, այլ նաեւ մեր համաքաղաքացիները։ 2 տարի բավարար ժամկետ է, թեեւ ամեն ինչ արվել է, շատ ու շատ խնդիրներ լուծվել են, որոնց մասին չի խոսվում հասկանալի պատճառներով։ Մեդիադաշտն այսօր զբաղված է մեկ այլ գործողությամբ, զբաղված է գումար աշխատելու եւ հետաքրքիր վերնագիր հնարելու հարցով։ Չեմ կարծում, որ վարչապետը նոր բան է ասել, այդ ամենը բոլորս էլ լավ գիտենք։ Այդ մաքրման պրոցեսն անընդհատ ընթանում է։ Այն քրեական գործերը, հետաքննության մեջ գտնվող անձինք, դրա վառ ապացույցն են, մենք մոտ ապագայում էլ ավելի շատ նման օրինակների ականատես կլինենք»։
ԱԺ փոխնախագահն ասաց, որ մեդիադաշտի մի ստվար զանգված պատկանում է նախկին իշխանություններին. «Գիտենք, թե ինչ թվերով ինչ վաճառքներ են տեղի ունենում։ Եվ տեսնում ենք ոչ միայն մենք, այլ նաև մեր համաքաղաքացիները։ Եվ կարծում եմ, նման քննարկման մեջ մտնելը անշնորհակալ գործ է, որովհետև յուրաքանչյուր անձ, որ կասի կամ յուրաքանչյուր լրատվամիջոց, որ կասի, որ այսօր լրատվական դաշտում զետեղված ինֆորմացիայի գոնե 50 տոկոսը խեղաթյուրված չէ, կոնտեքստից կտրված չէ, կհայտնվի շատ վատ վիճակում, որովհետև ցավոք սրտի, դա այդպես է։
Ես ձեզ խոստանում եմ,որ դուք և մենք ականատես կլինենք շատ ու շատ դատական հայցերի իմ կողմից նաև մոտ ապագայում»։
Նշենք, որ վարչախետ Նիկոլ Փաշինյանը, որը նույնպես մասնակցում էր ՔՊ նիստին, հեռացավ՝ լրագրողների հարցերն անպատասխան թողնելով։











