Եթե Արցախի հարցն ենք քննարկում, միանշանակ Արցախի խնդիրն Արցախի ժողովուրդն է լուծում, նրանցից հարցրե՞լ ենք, որ ասում ենք, ինչ որ փաստաթղթեր քննարկել են, թե չէ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը։

«Ըստ ամենայնի դա կամ «Մադրիդյան» կամ «Կազանյան» սկզբունքներն են, որն անընկալելի եւ անընդունելի է։ Սա ընդամենը փաստաթուղթ է բանակցելու համար, ոչ թե լուծում տալու համար։ 2 բան պետք է տարբերենք՝ սկզբունքներ, որոնք բանակցային պրոցեսն ընդամենը տանելու համար է եւ հարցի լուծման ճանապարհ։ Հարցի լուծումն այս պահին դրա չլուծման մեջ է, եթե մենք չենք կարող միանգամից Արցախի անկախությունը ճանաչելու խնդիր լուծենք, թող տարբեր տիպի փաստաթղթեր լինեն, որն էլի եմ կրկնում ընդամենը բանակցելու համար է»։

Հարցին, արդյոք Նիկոլ Փաշինյանը պե՞տք է պարզաբանող հայտարարությամբ հանդես գա. Մելքումյանը պատասխանեց. «Միշտ էլ կարող են եւ երկրի ղեկավարները եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարնեը հանդես գան, իսկ ո՞վ է, որեւէ մեկի ձեռքը բռնել, որ հանդես գան կամ չգան, ուղղակի պահը պատեհ պահի խնդիրն է, որպեսզի ինչ որ մի բանից հետո չառաջանա մյուսը։ Մենք Ռուսաստանի հետ ունենք կայուն հարաբերություններ եւ դրանք պետք է պահպանվեն, հատկապես այս ճգնաժամային փուլում»։